Վաղ առավոտից լարված իրավիճակ է Գյումրիում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտից մտել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելումուտքը։
Քաղաքապատարանի շենքի բակում տասնյակ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ընդդիմանում են քաղաքապետին ձերբակալելու որոշումը կյանքի կոչելուն, որը փորձում է խաթարվել ոստիկանական ուժերի կողմից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով այս պահին գտնվում է Գյումրիում և ականատես է պայթյունավտանգ իրավիճակին, MediaHub-ի հետ զրույցում պատմեց, որ ոստիկանական ահռելի քանակությամբ ուժեր կան այնտեղ՝ տարբեր ստորաբաժանումներից բերված։
«Վարդան Ղուկասյանի աշխատասենյակում քննչական գործողությունների պատճառաբանությամբ չթույլատրեցին պատգամավորիների մուտքը, բավականին լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը կենդանի շղթաներ է կազմում, ամենայն հավանականությամբ հետագա գործողությունների և Վարդան Ղուկասյանին դուրս հանելու համար»,- նշեց Մանուկյանը։
Պատգամավորին չի հաջողվել հանդիպել Գյումրու քաղաքապետի հետ ՝ Վարդան Ղուկասյանը մեկուսացված է իր աշխատասենյակում։
«Հանրապետության երկրորդ քաղաքն ա, ամբողջ քաղաքը պարալիզացված է, ի վերջո փոքր գյուղի մասին չի խոսքը: Որքան տեղյակ եմ՝ ամբողջ համայնքին պատկանող մեքենանները՝ աղբահանման, կոմունալ և այլն, ամբողջությամբ բռնագրավվել են»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանը դուրս է բերվել շենքից և նստել այն մեքենան, որով նրան պետք է տեղափոխեն Երևան, սակայն իր աջակիցները չեն թողնում, որ մեքենան տեղից շարժվի:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ, MediaHub-ը հետևում է զարգացումներին:
Էմմա Մարտիրոսյան