Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտը համակարգված անվանելը բարդ է․․․
Քաղաքապետարանը մի լավ որոշում է կայացրել, որ յուրաքանչյուր քաղաքացի նույն քարտից միաժամանակ կարող է երկու վճարում կատարել ավտոբուսով երթևեկելիս՝ երկու վալիդատորներով։ Այսինքն, եթե ուղևորն ուզում է ևս մեկ ուղետոմսի համար վճարել, ապա կարող է դա անել նույն քարտով, բայց ոչ նույն վալիդատորով, ինչ վճարել է իր համար: Ավտոբուսներում վալիդատորները երկուսն են:
Այնուամենայնիվ, այս որոշումից էլ դժգոհ քաղաքացիներ կան, որոնք հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ են իր իրավունքները սահմանափակում վճարում անելու այնքան անգամ, որքան ցանկանում է, հատկապես, երբ խանութներում, սրճարաններում, դեղատներում նման սահմանափակումներ չեն գործում, իսկ տրանսպորտից օգտվելիս ընդամենը երկու անգամ կարող է վճարել, ընդ որում միայն 30 րոպե հետո։
Որքան հասկացանք՝ քաղաքապետարանը չի ցանկանում այդ հարցին լուծում տալ` ամրագրելով, որ ամեն մեկը պետք է իր տեղը վճարի, իսկ եթե քաղաքացին երթևեկում է երկու երեխայի հետ, ապա թող գնի տրանսպորտի քարտ։
MediaHub-ին դիմած քաղաքացիները, բացի այս հարցից, այլ դժգոհություն ևս ունեն՝ ինչո՞ւ Երևանի մետրոպոլիտենում, որտեղ տեղադրված վալիդատորների թիվը 2–ից ավելին է, բոլորովին այլ համակարգ է գործում՝ վճարում լինում է կատարել ընդամենը մեկ հոգու համար։ Եթե շարժվենք տրամաբանությամբ, ապա ինչպես և ավտոբուսում, նույն ձև պետք է լիներ նաև մետրոպոլիտենում՝ քանի վալիդատոր կա, այդքան անգամ քաղաքացին կարող է վճարում կատարել նույն քարտով։ Բայց, արի ու տես, որ պատկան մարմնի տրամաբանությունն այլ կերպ է աշխատում՝ միտված քաղաքացիների կյանքը բարդացնելուն: Ավելին՝ այդ ոչ տրամաբանական որոշումը չի էլ փոխվելու:
MediaHub-ին Telcell-ից պատասխանեցին, որ մետրոպոլիտենում չեն պատրաստվում այդ փոփոխությունը կատարել, և յուրաքանչյուր բանկային քարտով քաղաքացին կարող է վճարում կատարել միայն մեկ անգամ։
«Մետրոպոլիտենում չի լինելու, միայն ավտոբուսներում է, որ երկու վալիդատոր կա, և քաղաքացին մեկ բանկային քարտով կարող է վճարում կատարել երկու անգամ»,– նշեցին Telcell-ից։
Թե ինչո՞ւ, պարզ չէ:
Եվ հարցը մնում է անպատասխան՝ եթե միասնական տոմսային համակարգ է, ապա յուրաքանչյուր տեղ պետք է գործի նույն վճարման համակարգը՝ սկսած սակագներից, վերջացրած ձևից։
Մարիաննա Արամյան