Առաջին անգամ չէ, որ իշխանության կայացրած որոշումները փակուղու առաջ են կանգնեցնում քաղաքացիներին։ Դեռ մի փոփոխությանը չհարմարված հասարակությունը ստիպված է արագորեն հարմարվել նոր իրավիճակներին՝ շատ հաճախ առանց նախապատրաստման։
Այդպիսի փոփոխություններից էր, օրինակ, հանրային տրանսպորտի համար նախատեսված QR թղթային տոմսերը շրջանառությունից դուրս բերելը։ Նոր կարգը նախատեսում է միայն էլեկտրոնային վճարումներ՝ բանկային քարտերով կամ TelCell հավելվածի միջոցով, կամ քաղաքացին կարող է քարտ գնել և այլն։ Սակայն քաղաքացիներն արդեն բախվում են այս համակարգերի անսարքությանը, ինչի հետևանքով որոշ դեպքերում տուժում են թե՛ ֆինանսապես, թե՛ ժամանակի առումով։ Քայքայված նյարդերի մասին էլ չենք խոսում:
MediaHub-ին դիմած քաղաքացիներից մեկը պատմեց իր հետ հանդիպած դժվարանությունների մասին։ Նրա խոսքով՝ փորձել է մետրոյում վճարում կատարել բանկային քարտով, սակայն համակարգը մի քանի անգամ մերժել է։
«Մի քանի անգամ փորձեցի, հաստատ հիշում էի, որ գումար կա քարտիս, բայց որ մի քանի անգամ մերժեց՝ սկսեցի կասկածել։ Բացեցի հավելվածը, տեսա անբավարար միջոցներ։ Հիշում էի՝ այլ տեղ վճարում չէի արել, էդպես կասկած ընկավ մեջս»,- նշեց մեր զրուցակիցը։
Քանի որ շտապում էր ու այլևս QR թղթային տոմսերը չեն գործում, որոշել է համալրել «Թել-Սել» հաշիվ, ինչը նույնպես չի հաջողվել։
«Քանի որ փակուղու առաջ էի հայտնվել ու չգիտեի՝ ինչ անել, որոշեցի բանկային հաշիվս լիցքավորեմ։ Լիցքավորեցի ու քանի որ այս անգամ վստահ էի՝ քարտիս կար գումար, որոշեցի նորից փորձել ու հասկանալ՝ խնդիրը ի՞մ մոտից էր, թե՞ համակարգից։ Արդյունքում գումարը նորից քաշեց, բայց նորից մերժեց»,- պատմեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ վերջում ստիպված է եղել բանկային քարտից լիցքավորել «Թել-Սել» դրամապանակը և այդպես գնել ուղետոմս։
Արդյունքում միայն «Թել-Սել» դրամապանակը լիցքավորելուց հետո է նրան հաջողվել գնել ուղետոմս։
TelCell ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, տրանսպորտի նախագծի ղեկավար Լիանա Հունանյանը MediaHub-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Եթե վալիդատորը ուղևորի բանկային քարտը մերժում է, սակայն գանձում է 150 դրամ, դա նշանակում է, որ ուղևորը իր վերջին երթից գոյացած պարտք ունի, որն էլ պատճառ է դարձել մերժման և այդ գանձված 150 դրամը ուղղվում է հենց այդ պարտքը մարելուն: Մեկ բանկային քարտը սովորաբար կարող է մեկ պարտք ունենալ: Նշեմ, որ նկարագրված իրավիճակը համակարգի օֆլայն աշխատանքի ալգորիթմն է, որի մասին մեր քաղաքացիները հաճախ մոռանում են կամ իրազեկված չեն»։
Ստացվում է, որ քաղաքացիները հայտնվում են լուրջ խնդրի առաջ՝ բախվելով մի համակարգի հետ, որն այլընտրանք չունի: Երբ վճարման մի եղանակից չի կարողանում օգտվել, մյուսն էլ ժամանակավոր խափանում ունի՝ մարդիկ մնում են կանգառում կամ մետրոյի կայարանում՝ անվճարունակ:
Էմմա Մարտիրոսյան