Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 20։00-ին տեղի կունենա Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային խաղը։ Մեկ ամիս է մնացել, իսկ տոմսերի վաճառքի մասին լուրեր չկան։
Սակայն, սա ամենևին էլ զարմանալի երևույթ չէ ՀՖՖ–ի պարագայում, քանի որ ֆեդերացիան միշտ ուշանում է ամեն ինչից։
Օրինակ՝ մարտի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան–Վրաստան ֆուտբոլային հանդիպումը, իսկ ահա տոմսերի վաճառքը մեկնարկեց ընդամենը 10 օր առաջ, մինչդեռ, ինչպես այդ օրերին գրել էր MediaHub-ը, վրացի երկրպագուների համար Հայաստան–Վրաստան խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել էր խաղից դեռ մեկ ամիս առաջ։
MediaHub–ը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հասկանալու, թե ե՞րբ է մեկնարկելու Հայաստան–Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը:
ՀՖՖ–ից մեզ պատասխանեցին, որ դեռ տեղեկություն չկա, թե ե՞րբ վաճառքը կմեկնարկի: Իսկ մենք, հաշվի առնելով նախորդ փորձը, թերևս ենթադրենք, որ խաղից ընդամենը տաս օր առաջ երկրպագուները պետք է սպասեն վաճառքը:
Ի դեպ, համացանցում, ինչպես ահազանգում են MediaHub–ի ընթերցողները, բավականին ակտիվ վաճառվում են Հայաստան–Պորտուգալիա հանդիպման կեղծ տոմսեր, արդյո՞ք ՀՖՖ–ն տեղյակ է և ի՞նչ է նախաձեռնել այդ գործընթացը կասեցնելու համար:
Ֆեդերացիայից արձագանքեցին, թե ՀՖՖ-ն դեռ 2.5 ամիս առաջ է արձագանքել այդ երևույթին հետևյալ հայտարարությամբ․
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել:
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com/ վաճառվող տոմսերը կեղծ են։
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում, իսկ վաճառքն իրականացվում է բացառապես https://tickets.ffa.am/ կայքում:
Խնդրում ենք բոլորին զգուշանալ https://ticket-am.com/ և անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը»:
Այլ կերպ ասած, թեև հայտարարությունն արվել է դեռ մայիսին, սակայն, կեղծ տոմսերի վաճառքը դեռ շարունակվում է:
Նշենք, որ նոյեմբերի 16–ին էլ տեղի կունենա Պորտուգալիա– Հայաստան պատասխան խաղը Պորտուգալիայում։
Մարիաննա Արամյան