Սեպտեմբերի 20-ին Համալիրում կայացած ՔՊ համագումարին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին թույլ չեն տվել ներկա գտնվել։ Պատճառը Արշակյանի կողմից ՔՊ-ի 30 հազար դրամ անդամավճարը չվճարելն է։ Այդ մասին ուղիղ հայտարարեց անգամ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ ինչպես այլ կուսակցականների, որոնք չէին վճարել անդամավճարը, Արշակյանին ևս թույլ չեն տվել մասնակցել համագումարին։ Եւ սա Պապոյանը ներկայացրեց որպես ներկուսակցական դեմոկրատիայի աննախադեպ դրսևորում, որ իրենց փոխնախագահին մյուսների հետ հավասար են դասել ու ինչպես մյուս՝ շարքային կուսակցականներին, այնպես էլ Արշակյան Հակոբին արգելել են մասնակցել համագումարին։
Այս ամենը դեմոկրատիայից և իբր հավասարությունից զատ նաև ՔՊ-ի կողմից այլ արժեքների մասին էլ է վկայում, որ այս քաղաքական ուժում էականը փողն է ու հանուն փողի նրանք պատրաստ են անգամ իրենց ոչ շարքային, նախկինում՝ նախարարի, այժմ՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոն զբաղեցնող իրենց կուսակից ընկերոջը այդպես նվաստացնել, արժեզրկել նրա դերը իրենց քաղաքական թիմում, զրոյացնել նրան՝ որպես փոխխոսնակ ու թիմակից։
Ինչ-որ տեղ Հակոբ Արշակյանին տեղն է, քանզի նրա հետ առնչված անձինք պատմում են, որ իշխանության նոր եկած շրջանում, երբ նախարար էր նշանակվել, նա կտրվել էր իրականությունից, մոռացել էր՝ ով է եղել նախկինում, այսինքն՝ շարքային ակտիվիստ էր, և որևէ բանով աչքի չէր ընկել երբևէ, ու պորտը նախարարությունում չէին կտրել հաստատ, և նախարար դառնալուց հետո քիթը ցցել էր, մեծամտացել, իր ենթակաների հետ անհարգալից էր շփվում՝ իրեն վեր դասելով մյուսներից ու այսպես շարունակ։ Այս իմաստով ինչ-որ տեղ արդար էր, որ իր իսկ թիմում Արշակյանի քիթը, ինչպես ասում են, դիպավ գետնին։
Բայց, մյուս կողմից, հենց ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից սա ամոթալի և խայտառակ վերաբերմունք է սեփական ոչ շարքային թիմակցի նկատմամբ, երբ ընդամենը 30 հազարի համար իրենց բարձրաստիճան պաշտոնյա կուսակցին թույլ չեն տալիս մասնակցել իրենց համար կարևոր այդ միջոցառմանը, մի բան էլ լրատվամիջոցների առաջ բացեիբաց հայտարարում են կամ արտահոսք կազմակերպում, թե ինչու են արգելել Արշակյանին մասնակցել համագումարին՝ այդ կերպ «փչացնելով» կամ վարկաբեկելով իրենց թիմակցին։ Մինչդեռ, կարող էր ՔՊ-ում հատուկ այս նպատակով հաստիք զբաղեցնող անձը զանգահարել, հիշեցնել Արշակյանին, որ անդամավճարը չի փոխանցել, հորդորել՝ արագ փոխանցել, և ավելորդ աղմուկ չբարձրացնեին և շահարկման առիթ չտային։
MediaHub-ին ասացին՝ Հակոբ Արշակյանը շատ է նեղվել կատարվածից, չէր սպասում թիմակիցներից այսպիսի վերաբերմունք իր նկատմամբ, ու իրեն չափազանց վիրավորված է զգում, թիմակիցներից էլ մեկուսացել է՝ նորմալ չի շփվում հետները։ Թերևս, սա պետք է դաս լինի ՔՊ-ականներին, որ ցանկացած առիթի դեպքում իրենց կարող են փուռը տալ ամենաբարձր մակարդակով, և «ընկեր Նապոլեոնը» այդ ամենը վերջում կներկայացնի որպես ժողովրդավարություն և արդարության հաստատում՝ չխնայելով անգամ իր ամենամտերիմ թիմակիցներին։
Վահե Մակարյան