Սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը «փակեց» Հայաստանի Հանրապետության Երրորդ հանրապետության էջը, հայտարարեց Հայաստանի Չորրորդ հանրապետության մասին: Այնուհետև, երբ դեռ հայտարարությունը հանրությունը փորձում էր մարսել, վրա հասան ծաղրանքով լի հայտարարությունները ՀՀ նախկին երեք նախագահների հասցեին:
Հայաստանի իշխանության ղեկին գամված Փաշինյանը նախկին նախագահներին և ոչ միայն, հրավիրում է բանավեճի՝ «Երևան–Կենտրոնի» իր նախկին խցում, նշելով, որ այդտեղ բոլորին հարմար լինի:
MediaHub-ը այս ամենի շուրջ զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս են քաղաքագիտական շրջանակները գնահատում այս հայտարարությունները և ո՞ւր են դրանք տանում:
Քաղաքագետը նշեց՝ Փաշինյանի հայտարարությունը բացարձակ տգիտություն է։
«Այդ անձնավորությունը 2018 թվականից սկսած այստեղից-այնտեղից ինչ-որ գաղափարներ է վերցնում, դրանք խորությամբ չի հասկանում և փչացնում է այդ գաղափարները։ Քանի որ ինքը երկրի ղեկավարն է, երկիրը խնդիրների առաջ է կանգնում»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ հանրապետությունների թվարկումը ֆրանսիական քաղաքական մտածողության արդյունքն է՝ առաջին, երկրորդ, երրորդ։ Հանրապետությունները ընդատվել են միապետություններով և այս առումով ինչ-որ տրամաբանություն կա այս հայտարարությունում։ Ինչ վերաբերվում է չորրորդ և հինգերորդ հանրապետություններին, Դանիելյանը հիշեցրեց, որ 1945 թվականից հետո Ֆրանսիայում հիմնվում է Չորրորդ հանրապետություն՝ գերմանական օկուպացիայից հետո և պառլամենտական կառավարման համակարգ է հաստատվում Ֆրանսիայում, բայց հետագայում Ֆրանսիան կառավարման ճգնաժամի առաջ է կանգնում, կառավարությունները միմյանց փոխարինում են և կայունություն չի հաստատվում և 1958 թվականին Ֆրանսիայում հաստատվում է Հինգերորդ հանրապետություն։ Պառլամետական կառավարման երկիրը դառնում է նախագահական, կիսանախագահական կառավարման երկիր, այսինքն՝ Սահմանադրությունը և կառավարման մոդելը փոխվում է, դրա համար են թվարկում հարապետությունը։
«Եթե այս տրամաբանությամբ ենք շարժվում, ապա 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվելէ Չորրորդ հանրապետություն, այսինքն կար կիսանախագահական կառավարման համակարգ, կառավարման մոդելն էր փոխվել, այսինքն հաստատվել էր Չորրորդ հանրապետությունը։ Հիմա եթե ինքն ասում է փոխենք, խոսքն արդեն Հինգերորդ հանրապետության մասին է, եթե դիտարկում ենք այս համատեքստում։ Այսինքն՝ իրավական և քաղաքագիտական առումով այդ անձնավորությունը տգետ է, ինքը չի հասկանում ինչ է խոսում»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը։
Հարցին, թե ինչի համար է դա արվում, Դանիելյանն ասաց՝ Ադրբեջանը Հայաստանի դիմաց պահանջներ է դնում՝ պետք է Սահմանադրություն փոխվի և այլն, և ադրբեջանական այդ պահանջը կատարելու համար ինքը փորձում է ինչ-որ գաղափարական երանգ տալ՝ իրավագիտական և քաղաքագիտական առումով որևէ հիմնավորում չունենալով։ Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին ուզում է ցույց տալ, որ ինքը պատրաստվում է իրենց պահանջը կատարել և ստանալ աջակցություն ընտրություններից առաջ։
Անդրադառնալով նախագահների մասին հայտարարություններին, Դանիելյանը նշեց, որ այս երկու հայտարարությունները անմիջական կապ ունեն միմյանց հետ, այս կերպ նա փորձում է ուշադրությունը շեղել քաղաքական կարևոր իրադարձություններից։
«Նման հայտարություններ անընդմեջ լինելու են, այդ հայտարարություններին զուգահեռ հերթական գլխարկն է փոխելու, մարդիկ իր գլխարկն են քննարկելու, կնոջ ինչ-որ հիմար հայտարություններն են քննարկելու՝ ռեալ խնդիրները աչքաթող անելով»,- հավելեց Դանիելյանը։
Էմմա Մարտիրոսյան