Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթուղթը, որը կողմերը որակեցին «դարակազմիկ», ԱՄՆ-ի հետ կողմերի հարաբերությունները, կարծես թե, մտցրել է նոր՝ ավելի մտերմիկ ու բարիդրացիական դաշտ։ Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի կողմից վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին այդքան հիշատակելը, մեր ու հարևան երկրի ղեկավարների կողմից անընդհատ ԱՄՆ-ին ուղղված շնորհակալություններն այդ մասին են խոսում (ու այս ոգևորության մեջ ընդգծված անուշադրության մատնվեց այն, որ Թրամփը Հայաստանը խառնել էր Ալբանիայի հետ)։
Ի վերջո, ինչի՞ մասին է խոսում այս ամենը. MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Նրա խոսքով՝ սա շատ բնական երևույթ է, քանի որ Հարավային Կովկասում, ինչպես նաև մյուս տարածաշրջաններում գերտերությունները մշտապես մրցակցության մեջ են եղել, և մեր տարածաշրջանն էլ բացառություն չի եղել, մեր դեպքում էլ մրցակցել են տարածաշրջանի խոշոր խաղացողները, ինչպես նաև ԱՄՆ-ն։
«Եվ հիմա ԱՄՆ-ն հնարավորություն է ստացել առաջարկ անելու Հայաստանին ու Ադրբեջանին, որ դառնա հարաբերությունների կարգավորման միջնորդ, ինչպես նաև հնարավորություն է ստացել «Թրամփի ուղին» վերահսկելու, անվտանգությունն ապահովելու ու ներդրումներ անելու։ Այս ամենն արդեն մոտ ապագայում պետք է կյանքի կոչվի։ Ինչպես գիտեք՝ ԱՄՆ-ն նաև օգնություն է տրամադրելու Հայաստանին, որի մի մասը, կարծում եմ, գնալու է այս ճանապարհի ենթակառուցվածքների ստեղծմանը։ Սա է ընդհանուր պատկերը, և այն պետք է տարածաշրջանային ընդհանուր շահերի մեջ դիտարկել»,- նկատեց քաղաքագետը։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի հայտնվելը, բնական է, որ պետք է անհանգստություն առաջացներ այստեղ իրենց դիրքն ունեցող գերտերությունների՝ ՌԴ-ի և Իրանի համար, քանի որ պատմականորեն իրենք են այս տարածաշրջանում եղել։
«Հենց այդ անհանգստությունների մասին բազմիցս արտահայտվել են թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, բայց օգոստոսի 8-ին ստորագրված հայտարարություններից հետո, կարծես, այդքան էլ կոշտ չէին, ամեն դեպքում, գոնե այդ փուլում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության հասնելուն, ապա դրա համար մի շարք նախապայմաններ կան, որ պետք է հաղթահարվեն։ Իհարկե, շատ լավ է, որ կա միջնորդ, քանի որ ես կարծում եմ, որ ոչ հավասար ստարտային պայմաններով երկու երկրների բանակցությունների դեպքում ուժեղ կողմը կարողանում է ճնշել թույլ կողմին, իսկ այս դեպքում միջնորդի առկայությունը օգտակար է։ Ու կարևոր չէ՝ այդ միջնորդն ով կլիներ, կարևոր է, որ այդ միջնորդը լիներ այնպիսի պետություն, որը լուրջ ազդեցություն կունենար կողմերի վրա։ Այս տեսանկյունից պետք է նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսում, օրինակ, միջնորդ չկա, և սա անհավասար կողմերի միջև խնդիր է առաջացնում։ Եթե պատմությանը նայենք, ապա կտեսնենք, որ հայ-թուրքական հաշտեցման բոլոր փորձերում ԱՄՆ-ն միջնորդ է եղել, և դա ինչ-որ ձևով զսպել է Թուրքիայի կողմից առավել լայն նախապայմանների առաջադրումը։ Այնպես որ, կարծում եմ՝ միջնորդի լինելը այս դեպքում բխում է մեր շահերից»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերությունների նոր փուլ մտնելուն, եթե հաշվի առնենք, որ իշխանական քարոզչամեքենան անգամ շահարկում է հանգամանքը, թե Փաշինյանը Թրամփի «Վոթսափի» համարն ունի, իսկ ՀՀ նախկին ղեկավարները չեն ունեցել նման հնարավորություն, ապա Սուրեն Սարգսյանը նշեց. «Ցանկացած պարագայում, եթե երկրների ղեկավարները կարողանում են ուղիղ շփվել, դա առավելություն է, բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչի շուրջ են այդ շփումները, ինչն է օրակարգը»։
Քաղաքագետի հավաստմամբ՝ նախկինում էլ ՀՀ ղեկավարները շփվել են ԱՄՆ առաջնորդների հետ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը նամակագրության մեջ է եղել ԱՄՆ նախագահի հետ, շատ լուրջ աշխարհաքաղաքական հարցեր է քննարկել։
«Այնպես որ, այս առումով չեմ տեսնում, որ այստեղ բացառիկ բան կա, ու չեմ կարծում՝ որևէ ղեկավարի օրոք նման բան չի եղել։ Այստեղ կարևոր է, թե ինչ օրակարգային հարցեր կան, որոնք քննարկվում են»,- ամփոփեց խոսքը Սուրեն Սարգսյանը։
Նարե Գնունի