Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինձ, այո, օգտագործել են․ Գեղամ Նազարյան

Blog Image

Օրեր առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սեպտեմբերի վերջին կազմակերպելու են խորհրդարանական լսումներ, որոնց նպատակն է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբումը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու շուրջ։ Բացի այդ, «Պատիվ ունեմ»-ը նաև Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել։ 

MediaHub-ը «Հայաստան» խմբակցությունից անկախացած երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանից հետաքրքրվեց՝ մասնակցելո՞ւ է, արդյոք, այդ լսումներին, և ինչպե՞ս է վերաբերվում Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգին։

«Ճիշտն ասած՝ ինձ չեն հրավիրել, հրավեր չեմ ստացել, որ ստանամ՝ կմտածեմ արդեն։ Կամ կարող է հրավիրել են՝ էլեկտրոնային փոստով, էսօր մի հատ կնայեմ՝ հրավիրե՞լ են, թե՞ չէ»,- ասաց Գեղամ Նազարյանը։

-Կարո՞ղ է Ձեզ այլևս ընդդիմադիր չեն համարում, դրա համար չեն հրավիրել։

-Դե, չգիտեմ, ամեն մարդ իր ընկալումներն ունի։

-Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում իմպիչմենտի նախաձեռնությանը, որ վերջապես ուզում են դրան ընթացք տալ։

-Մի քանի անգամ եղել է՝ լուրջ չեմ վերաբերվել, հիմա էլ լուրջ չեմ վերաբերվում։

-Նիկոլ Փաշինյանի հեռացմա՞նը լուրջ չեք վերաբերվում, թե՞ իմպիչմենտով հեռացմանը։

-Իմպիչմենտով հեռացմանը էս պայմաններում, էս նախաձեռնությամբ, էս բարոյահոգեբանական մթնոլորտում։ Անկեղծություն չկա, Ստանիսլավսկին կասեր՝ «Նե վերյու» (Ես չեմ հավատում)։

-Իսկ ավելի լավ տարբերակ Դուք ունե՞ք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և ուզո՞ւմ եք, որ նա հեռանա օր առաջ։

-Այո, ավելի լավ տարբերակ ունեմ, բայց օր առաջ չունեմ տարբերակ, որովհետև օր առաջ բոլոր տարբերակները բերելու են քաոսի, անարխիայի և անկանխատեսելի հետևանքների։ Ամենաճիշտը ընտրություններն են, կգա ընտրության օրը, թող ժողովուրդն իր վերաբերմունքն արտահայտի, եթե չարտահայտի, թող ամեն մեկն իր մեջ էդ խնդիրը փնտրի, թե ինչու չի ստացվում։ Մնացած բոլորը մանիպուլյացիաներ են, որոնք օգտագործում են ժողովրդի ձայներն ստանալու համար, որ հենց հունիսի 7-ին յուրաքանչյուրը ավելի շատ ձայն ստանա։

-Ընտրություն ասացիք՝ հիշեցի, որ 2021 թվականի ընտրություններից առաջ Դուք բեմից շատ էմոցիոնալ ելույթ էիք ունենում, ասում էիք՝ «Նիկոլ, էս պատերազմը դու՛ ես բերել մեր գլխին, Նիկո՛լ, չե՛ս մարսելու, Աննա՛, չե՛ս մարսելու»։ Հիմա էլ շարունակո՞ւմ եք նույն կերպ պնդել, որ ինքն է բերել պատերազմը մեր գլխին։

-Այո, շարունակում եմ պնդել, որ պատերազմը մեր գլխին աղետածին ձևով բերվել ա, և էդ պատերազմից հնարավոր էր խուսափել։ 

-Ո՞վ է բերել, հենց Նիկոլ Փաշինյա՞նը։

-Դե, գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանը գործող վարչապե՞տ ա եղել էդ պահին՝ պատերազմի ժամանակ․․․ 

-Տպավորություն է, թե այս պատերազմի մեղավորների մասով վերջին մեկ-երկու տարում Ձեզ մոտ պատկերացումներն ու ընկալումները փոխվել են, քանզի այն ժամանակ այլ բան էիք ասում, հիմա այլ բան եք ասում։ Ինչո՞ւ է այդպես։

-Ուրեմն, էս հարցին ես հեռախոսով չեմ պատասխանի, կգաս իրար մոտ կնստենք, մանրամասնորեն կբացատրեմ, բայց հեռախոսով շատ երկար է՝ դրա մասին հիմա չեմ խոսի։

-Լավ, իսկ այն, որ Դուք 2021 թվականին ասում էիք՝ «Նիկո՛լ, չե՛ս մարսելու», հիմա մարսե՞ց, թե՞ չմարսեց թե՛ Ձեր որդու, թե՛ հազարավոր այլ որդիների արունը։

-Ոչ, չի՛ մարսել ու չի՛ մարսելու երբեք, ոչ մեկը չի մարսելու։ Էն մարդիկ, ովքեր կարող էին կանխել պատերազմը ու չեն կանխել, ովքեր իրենց քայլերով բերել հասցրել են պատերազմի, իրենք չեն մարսելու։ Եթե իրենց նույնիսկ թվում ա, որ իրենց փողերը, հաշիվները տարբեր օֆշորային գոտիներում, Հայաստանում, ունեցած գույքը, հարստությունը մարսել ա, իրենք չարաչար սխալվում են։

-Ես Նիկոլ Փաշինյանի մասին եմ խոսում, Դուք իրե՞ն նկատի ունեք։

-Նիկոլ Փաշինյանի մասին ես չեմ խոսում, ես խոսում եմ նրանց մասին, ովքեր իրենց քայլերով մեզ բերեցին պատերազմ։ 

-Բայց Դուք Նիկոլին էիք ասում, որ չես մարսելու։

-Ես դա ե՞րբ եմ ասել՝ 2021 թվականին։ Պատերազմից ինչքա՞ն էր անցել՝ մի քանի ամիս։ Էդ ժամանակ Գեղամ Նազարյանն ինչո՞վ էր զբաղված։ Էն ելույթը, որը դու հիշատակում ես, ես ունեցել եմ նոյեմբերին կամ դեկտեմբերին, էն ժամանակ ես իմ որդու մարմինն էի փնտրում կամ իրեն էի փնտրում։ Ու շատ նորմալ ա, որ Գեղամ Նազարյանը գործող վարչապետին ա մեղադրում, աննորմալը էն կլիներ, որ Գեղամ Նազարյանը, լինելով պատգամավոր, չորս տարվա ընթացքում ոչ մի բան չէր կարա իմանար ու կմնար նույն էմոցիոնալ դաշտի վրա։ Այ էդտեղ Գեղամ Նազարյանը կլիներ կատարյալ ապուշ։ Բայց չորս տարվա ընթացքում Գեղամ Նազարյանը ջանք ա գործադրել, տանջվել ա, փորփրել ա, ուսումնասիրել ա, հազար հոգու հետ խոսացել ա, հազար հոգու հետ հարցուպատասխան ա արել, ու հասկացել ա՝ ինչ ա եղել, ու Գեղամ Նազարյանը էդ ամեն ինչը հասկացնելու ա նաև հայ ժողովրդին։

-Դուք, որ օգտագործելուց եք խոսում, կարո՞ղ ենք ասել, որ այդ օրերին էլ Ձեզ են օգտագործել՝ ձեր էմոցիոնալ վիճակով։ 

-Իհարկե, օգտագործել են, էն էլ շատ լավ են օգտագործել։

-Փոշմանե՞լ եք այդ ելույթի համար։

-Ոչ, չեմ փոշմանել, հատկապես էդ ելույթի համար չեմ փոշմանել։ Թե հետո ով ա դա ինչ ձևով օգտագործել, իրենց խղճին թողնեմ, բայց ես ունեցել եմ շատ ճիշտ ելույթ, որը փրկել ա Հայաստանը։ Այդ իմ ելույթը Հայաստանը փրկել ա քաոսից և անարխիայից։ 

Վահե Մակարյան

Send