«Զվարթնոց» օդանավակայանը, ի հեճուկս, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական նկրտումների, այսօր իր ֆեյսբուքյան էջում հերթական նկարն էր հրապարակել, որտեղ երևում է բիբլիական Արարատ լեռը։
Անմիջապես անհանգստություն առաջացավ մեզ մոտ, թե չլինի՞ «Զվարթնոցի» ղեկավարությունը որոշել է աչք տնկել «ուրիշի ունեցածի»՝ Թուրքիայում գտնվող Արարատ լեռան վրա, որը, չգիտես ինչու, դարձել է Հայաստանի ու հայկականության խորհրդանիշը, և որի պատկերը այս կառավարությունը որոշել է հանել սահմանային կնիքների վրայից։ Իսկ աչք տնկել՝ նշանակում է ռևանշիստական նկրտումներ ունենալ հարևան Թուրքիայի նկատմամբ, որը տիրացել է մեր բիբլիական սարին, և ոչ բարեկամական էմոցիաներ առաջացնել մեր հարևան, բայց և մեզ թշնամի, հարյուր տարի առաջ մեզ կոտորած թուրք ժողովրդի մոտ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Թուրքիան, տեսնելով Արարատ լեռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական էջում, կարող է որոշել հարյուր տարի անց նորից հարձակվել մեզ վրա ու հերթական կոտորածը սարքել «ինչ-որ մի սարի համար»։
Այս բոլոր մտահոգությունները հաշվի առնելով՝ զանգահարեցինք «Զվարթնոցի» խոսնակ Լուսինե Մողրովյանին, որ ճշտենք, թե էդ ի՞նչ «դուխով» են իրենց պաշտոնական էջում հրապարակել հարևան երկրի սեփականություն հանդիսացող Արարատ լեռան նկարը։
«Մեր «Զվարթնոցի» սոցիալական հարթակներում՝ ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում, տեսնում եք, պարբերաբար հրապարակում ենք գեղեցիկ լուսանկարներ օդանավակայանից թե՛ թռիչքուղուց՝ Արարատի ֆոնով, թե՛ ընդհանուր օդանավակայանից, և այդ լուսանկարներն արվում են թե՛ մեր, թե՛ մեր ուղևորների կողմից։ Եվ եթե մեզ հետևում եք մեր story-ների բաժնում, կտեսնեք, որ շատ հաճախ օդանավից արված գեղեցիկ լուսանկարները մենք տարածում ենք և նշում ենք նաև լուսանկարի հեղինակին»,- ասաց Լուսինե Մողրովյանը՝ նշելով, որ այս նկարը ևս ուղևորներից մեկն է արել։
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ այս նկարներից հետո կառավարությունը կսկսի վատ աչքով նայել ու կորոշի, օրինակ, սանկցիաներ կիրառել «Զվարթնոց» օդանավակայանի նկատմամբ, որ հարևան պետության ունեցվածքի վրա եք աչք տնկում, գովազդում ուրիշի սարը։
-Ձեր այս հարցերի վերաբերյալ ես արդեն ասացի, այլ մեկնաբանություն չունեմ։
-Բայց ես լրիվ լուրջ եմ հարցնում՝ եթե ինչ-որ ձևով սահմանափակեն ձեզ այդպիսի նկարներ տարածել, ի՞նչ եք անելու, պա՞տ եք քաշելու Արարատի դիմաց, որ նկարելիս այն չերևա, թե՞ Արագածի պատկերով մեծ պաստառ եք տեղադրելու տարածքում, որ այսուհետ օդանավերի նկարները Արագածի ֆոնին արվեն։
-Ես արդեն նշեցի՝ այդ հարցերի վերաբերյալ այլ մեկնաբանություն չունեմ։
-Մեկնաբանությունը՝ մի կողմ, մտավախությո՞ւն էլ չունեք։
-Ես ավելացնելու այլ բան չունեմ այդ մասով։
-Այսինքն՝ ձեր կյանքում բան չի՞ փոխվել, շարունակելո՞ւ եք նույն կերպ ցուցադրել գեղեցիկ լուսանկարներ, որտեղ թեկուզ մեզ չպատկանող ինչ-որ սար է՝ Պատմական Հայաստանից, անկախ նրանից՝ ում դուր կգա, ում՝ ոչ։
-Արդեն ասացի՝ պարբերաբար նմանատիպ գեղեցիկ լուսանկարները մեր էջում հրապարակվում են։
Վահե Մակարյան