Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քաղաքական պատվե՞ր. մինչ այս պահը քանի՞ «Տաշիր պիցցա» է փակվել

Blog Image

Հայ գործարար, «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Հայաստանում գործող «Տաշիր պիցցա» պիցցերիաներից շատերը Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից ինչ-ինչ խախտումների պատճառով փակվեցին։ ՍԱՏՄ-ն այնպիսի խախտումներ էր արձանագրել, որոնք, օրինակ, նախորդ տարի հետաքրքիր պատահականությամբ դուրս էին մնացել ՍԱՏՄ տեսուչների ուշադրությունից, այն է՝ առաստաղի ոչ ճիշտ կառուցման խնդիր և այլն։

Ընդդիմության դիտարկմամբ՝ սա քաղաքական պատվեր է, և պիցցերիաները փակվում են Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ Ինչևէ, մի կողմ թողնելով քաղաքական գիծը, փորձեցինք հասկանալ, թե այս համատեքստում ինչ պատկեր ունենք սպառողների իրավունքների տեսանկյունից։ 

«Հարցին անդրադառնալիս պետք է նախ հասկանանք, թե արդյո՞ք ՍԱՏՄ-ն ստուգումներն իրականացնում է այնպես, ինչպես նախկինում։ Տեսեք, տարիներ շարունակ «Տաշիրը» դիմում է գրել, և սեփական դիմումի հիման վրա տեսչականը գնացել ու ստուգումներ է իրականացրել սննդի կետերում։ Հիմա, երբ արտադրության ցիկլում, պայմանական, հատակի վրա ճաք լինի, որ կարող է հիգիենայի խնդիր առաջացնել, ես կարող եմ հասկանալ, քանի որ մեկ տարվա մեջ կարող էր նման բան լինել։ Բայց եթե դու գնում ես ու արձանագրում, որ առաստաղը սխալ է կառուցված, պարզ է, չէ՞, որ այդ առաստաղը նախորդ տարի էլ է եղել, դրա նախորդ տարիներին էլ։ Այդ ո՞նց է եղել, որ նախորդ տարի այդ խնդիրն անտեսվել է, իսկ այս տարի՝ ոչ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ այս գործընթացը նման ուշադրության չէր արժանանա, եթե ՍԱՏՄ-ն հետևողականորեն գնար խնդրի հետևից, հասկանար, թե որ տեսուչն է եղել նախորդ տարի, որ այդ թերությունը չի նկատել, հետո այդ մարդը նկատողություն ստանար, կամ աշխատանքից ազատվեր։ Բայց նման բան, ըստ էության, չի արվել։

«Էդ դեպքում կմտածեինք, որ քաղաքականությունը եղավ մահանա, որ ՍԱՏՄ-ն սկսի ճիշտ աշխատել։ Բացի այդ, եթե մենք տեսնենք, որ ՀՀ հանրային սննդի բոլոր օբյեկտներում է տեսչությունն այսպես իրականացնում ստուգումները, էլի կասենք՝ ապրի ՍԱՏՄ-ը։ Հիմա ես առաջարկում եմ, որ շրջայց կատարենք մայրաքաղաքում, տեսնենք քանի՞ պերաշկիանոց ու շաուրմայանոց է փակվել։ Իրականում, այստեղ խնդիրն այն է, որ տեղային է իրականացվում ամեն ինչ, այսինքն՝ եթե կա կոնկրետ քաղաքական պահանջ, լավ էլ գիտեն՝ ոնց աշխատեն, ինչ անեն»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը։

Նշենք, որ MediaHub-ը ՍԱՏՄ տրամադրած տվյալների համաձայն, այս պահին 12 «Տաշիր պիցցա» փակվել է, 3-ում ստուգումներ են արվել, բայց խախտումներ չեն արձանագրվել, իսկ մնացած 15-ում դեռևս ստուգումներ չեն իրականացվել։ 

Նարե Գնունի

Send