Հեղափոխությունից հետո ակնհայտ ֆինանսական բարեկեցության հասած ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն հասցրել է ներկայացնել իր՝ 2024 թվականի եկամուտների մասին հայտարարագիրը: Փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա ունի երկու տուն, որից մեկը ձեռք է բերել 2018 թվականին, մյուսը՝ 2022-ին։ Երկուսն էլ եղել են գնման եղանակով։
Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքերը չեն օտարվել։
Տարվա սկզբում Միրզոյանի բանկային հաշիվներից մեկի մնացորդը կազմել է 3 մլն 500 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 2 մլն 746 հազար դրամ։ Մյուս բանկային հաշվին եղել է 30 հազար դոլար, որը տարվա վերջում կրկին նվազել է՝ հասնելով 22 հազար դոլարի։
ԱԳ նախարարը հաշվետու տարվա սկզբին ունեցել է 50 հազար դոլարին համարժեք կանխիկ դրամ, որը տարվա վերջում դարձել է 37 հազար դոլար, իսկ դրամով գումարի չափը տարվա սկզբում եղել է 2 մլն, ինչը տարվա վերջում աճել է 750 հազար դրամով։
Արարատ Միրզոյանի եկամուտը հաշվետու տարում կազմել է 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազար դրամը նախարարությունից ստացած աշխատավարձն է՝ նախորդ հաշվետու տարվա 19 մլն-ի փոխարեն։
Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նախարարի վարկի մայր գումարի չափը կազմել է 26 մլն 643 հազար դրամ, որը հիփոթեքի գումար է։ Անշարժ գույքի վերանորոգման համար Միրզոյանը ծախսել է 16 մլն 800 հազար դրամ։
Արարատ Միրզոյանը 2024 թվականին մեկնել է հանգստի, որի ճանապարհածախսը կազմել է 4 մլն 790 հազար դրամ։ «2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր» բաժնում նա լրացրել է 3 մլն 500 հազար դրամի մասին տեղեկություն։
Նշենք, որ 2020 թվականին որպես դրամական միջոց՝ Միրզոյանը հայտարարագրել էր 10 միլիոն դրամ, 2 միլիոն 222 հազար դրամ։
Նշված տարում նրա հայտարարագրված աշխատավարձի չափը կազմել է 12 մլն 313,970 դրամ։
Էմմա Մարտիրոսյան