Այսօր առավոտից Գյումրում թեժ էր. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ մտել էին Գյումրու քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելումուտը։
Քաղաքապատարանի շենքի բակում տասնյակ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, ընդդիմանալով քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշմանը, սակայն դա որևէ արդյունք չտվեց. դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխեցին Երևան։
Բոլորի համար նկատելի էր, որ առավոտյան, երբ մարդիկ սկսեցին հավաքվել քաղաքապետարանի դիմաց, հարևանությամբ տեղակայված եկեղեցու զանգերը անդադար ղողանջում էին: MediaHub-ի հետ զրույցում Տեր Նշան քահանան նշեց, որ դա հավատավոր մարդկանց սրտի արտահայտությունն էր.
«Այո, մեծ ներդրում է ունեցել Վարդան Ղուկասյանը եկեղեցու կառուցման մեջ և այլն, զորակցության և զորակցություն անելու կոչ էր: Լավ չէ, որ մեր երկրում հարցերն այսպես են լուծում, եթե նույնիսկ ձերբակալություն պետք է լիներ, էս մարդու տեղն էլ գիտեին, որոշակի կարգեր կա, ձև կա, պետք չէր այսպիսի ներկայացումներ ստեղծել, ե՞րբ են այս մարդուն կանչել, ու ինքը չի գնացել, քանի դատական գործ կա իր վրա: Եկան պետական գույքը ջարդելով, փչացնելով, հետևից տարան»,- ասաց Տեր Նշան քահանան:
Նա նշեց, որ ամբողջ ՀՀ-ում նախընտրական շրջան է և այս ամենը հենց դրա հետ ուղիղ կապ ունի.
«Ովքեր խոսում են, տեսնում եք՝ ինչ է լինում, ով մասաների վրա կարող է ազդեցություն ունենալ նույն ճակատագիրն են ունենալու»,- նշեց մեր զրուցակից Տեր Նշանը:
MediaHub-ի հարցին, թե արդյո՞ք ինքը եղել է այսօր մարդկանց բազմության մեջ, երբ ոստիկանները բիրտ ուժ էին գործադրում Վարդան Ղուկասյանին աջակցող գյումրեցիների նկատմամբ, վերջինս ասաց, որ առավոտվանից եղել է քաղաքապետարանի մոտ, սակայն, բախումների ժամանակ այդտեղ չէր:
«Ձայն եմ տվել այդ մարդուն, պարտավոր եմ կանգնել իր կողքին»,- հավելեց Տեր Նշան քահանան:
Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը այս պահին կալանավորված է, նա դատապարտվեց երկու տարով: