Կառավարության որոշմամբ այսօր Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Ջերմուկի արդեն նախկին համայնքապետ Վահագն Արսենյանը։ Վերջինս նախկին ՀՀԿ-ական, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկը համարվող, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Արսենյանի որդին է:
Հիշեցնենք, որ Վահագն Արսենյանը 2021թ. հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում:
Դեռ 2022 թվականին նրա հայտարարագրից տեղեկացել էինք, որ Վահագն Արսենյանը մոտ 1 միլիարդ 690 միլիոն դրամի եկամուտ է ստացել հորից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանից։ Նույն տարում՝ 2022-ի ընթացքում Արսենյանը 4 անշարժ գույք էր ձեռք բերել Ջերմուկ համայնքում և Երևանում։
Ի՞նչ է փոխվել նրա կյանքում այս տարիներին: MediaHub-ը ուսումնասիրեց Արսենյանի հայտարարագիրը:
Վահագն Արսենյանի կարիերան մեկնարկել է 2012 թվականին, մինչև 2015թ. նա աշխատել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում որպես հանքային և աղբյուրի ջրերի արտադրության պետ: Միևնույն ժամանակ, 2013-2015թթ.-ին նա «Էկո-Ֆարմ»-ում եղել է գործադիր տնօրեն: Ապա 2015-2021թթ. աշխատել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն:
Արսենյանը նոր պաշտոնին նշանակվում է բավականին մեծ կարողությամբ ու բազմաթիվ անշարժ գույքերով։ Նախկին համայնքապետի հաշվետու տարվա անշարժ գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 24 անշարժ գույք՝ 9 հողամաս, 4 ավտոկայանատեղի, 10 բազմաբնակարան շենք (դրանցից մեկը ԱՄԷ-ում) և 1 հասարակական նշանակության շինություն։ Հետաքրքիրն այն է, որ նրա բոլոր անշարժ գույքերը ձեռք են բերվել 2018 թվականից հետո։
Հաշվետու տարվա ընթացքում 2 անշարժ գույք օտարվել է, սակայն միևնույն ժամանակ 2-ը ձեռք բերվել, այս կերպ նա պահել է 24 անշարժ գույքի թիվը։ Որպես տրանսպորտային միջոց Արսենյանը տարվա սկզբում հայտարարագրել է 2 ՝ ROLLS-ROYCE և TOYOTA մակնիշի մեքենաները, որոնք ձեռք է բերել 2023 թվականին, սակայն տարվա ընթացքում դրանք օտարվել են։
Հաշվետու տարվա ընքացքում Վայոց ձորի նորանշանակ մարզպետը փաստացի 90 օրից ավելի շահագործել է երկու TOYOTA և HOZON մակնիշի ավտոմեքենաները։
Տվյալ տարվա վերջում առկա փոխառությունների գումարը կազմել է՝ 30 մլն, 50 հազար դոլար, 57 մլն 221 հազար դրամ։ Արսենյանը 2023-ին նվիրատվություն է ստացել երկու ձեռքի ժամացույց։ Ինչպես նաև գնման եղանակով ձեռք է բերել ակոսափող որսորդական հրացան, որի արժեքը կազմում է 6,5 մլն։
Նրա բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբում կազմել են 330 եվրո, 9,5 դոլար, որոնք հաշվետու տարվա վերջում զրոյացվել են, իսկ 331 հազար դրամը տարվա վերջում նվազել է և կազմել 6 հազար դրամ։ Նախկին համայնքապետի կողմից հայտարարագրած կանխիկ դրամը՝ 1 600 000 դոլարը տարվա վերջում փոքր ինչ նվազել է՝ կազմելով 1 500 000 դոլար, 30 մլն դրամը դարձել է 35 մլն դրամ, 310 հազար եվրոն տարեվերջին աճել է՝ կազմելով 650 000 եվրո, 5 000 000 ռուբլու չափը պահպանվել է։
Ջերմուկի նախկին համայնքապետ Վահագն Արսենյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 888 մլն դրամ։ Տարվա ընթացքում հանգստին նա ուղղել է 171 մլն դրամ
Տարվա ընթացքում 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 600 մլն 859 հազար դրամ։
Բացի այս, Վահագն Արսենյանը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, «Ջերմուկ մայրգործարան», «Էդյուքեյշն» ընկերություններում (100%), “Բալկան Պետ Քոմփանի» ՍՊԸ-ում (50%), «ՌԵԼՈԱԴ»-ում (30%) ունի բաժնեմաս։
Էմմա Մարտիրոսյան