Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայտարարագիր լրացնելը պարտադի՞ր է, թե՞ ոչ. թոշակառուները պե՞տք է լրացնեն

Blog Image

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը իր էջում հրապարակել էր մի տեսանյութ, որում նա նշում էր, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես կպարզեցվի: Եթե քաղաքացին կարծում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի՝ որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: 

«Վերջնաժակետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել: Այս դեպքում հայտարարագիրը չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի: Իհարկե, սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը գիտի, որ ունի եկամուտներ, որը ՊԵԿ-ին հասանելի չէին, և ինքը պետք է դա հայտարարագրեր: Եթե ապագայում պարզվի, որ եղել են նման եկամուտներ, և քաղաքացին չի լրացրել դրանք, ապա դրա համար արդեն, անկախ այդ համակարգից, որոշակի պատասխանատվություն կա, որը պահպանվելու է»,- հայտնել է Թունյանը:

Մարդկանց մոտ խառնաշփոթ է՝ արդյո՞ք պարտադիր է լրացնել հայտարարագիրը, թե՞ ոչ: MediaHub-ը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ արդյո՞ք Թունյանի հայտարարությունը նշանակում է, որ քաղաքացիները կարող են չլրացնել հայտարարագիրը։ 

«Այս պահին ոչինչ չի փոխվել, այսինքն՝ գործող օրենսդրությամբ ամենը շարունակվում է: Դա պարոն Թունյանի նախաձեռնությունն է, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից չէ, սակայն իր նախաձեռնությամբ հայտարարագրման գործընթացը կպարզեցվի: Նախագիծը շրջանառվել է, կարծիքները կհավաքագրվեն, և ըստ սահմանված ընթացակարգի գործընթացը կլինի»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Ինգա Գալուստյանը:

Ըստ նախաձեռնության՝ եթե քաղաքացին մինչև նոյեմբերի 1-ը չի լրացրել հայտարարագիրը, ապա ՊԵԿ-ը իր հասանելի տեղեկատվության հիման վրա չլրացրած քաղաքացիների համար նախալրացում կիրականացնի:

Սակայն, այդտեղ էլ ամեն բան այդքան հեշտ չէ. եթե մինչև սահմանված ժամկետը, որը դեռ կսահմանվի, քաղաքացին չմտնի և չստուգի ՊԵԿ-ի լրացրած տեղեկատվությունը, ապա պատասխանատվությունը քաղաքացու վրա է: Քանզի հետո եթե պարզվի, որ քաղաքացին ուներ հայտարարագրման ենթակա եկամուտներ և չի լրացրել, ՊԵԿ-ին դրանք հասանելի չեն եղել, ապա պատասխանատվությունը քաղաքացու տիրույթում է: 

«Բացի այդ, երբ նախաձեռնությունն արդեն ուժի մեջ մտնի, և քաղաքացին, օրինակ, սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու դիմի, ապա ՊԵԿ-ի նախալրացրած տեղեկատվությունը պետք է ստորագրի և միայն ստորագրելուց հետո կստանա սոցիալական ծախսի փոխհատուցումը»,- նշեց մամուլի քարտուղարը:

MediaHub-ին դիմած բազմաթիվ ընթերցողների նաև հետաքրքրում է՝ արդյո՞ք թոշակառուներն էլ կարող են չլրացնեն հայտարարագիրը այդ նախագիծը ընդունելուց հետո, կամ՝ արդյո՞ք թոշակը համարվում է հավելյալ եկամուտ, եթե քաղաքացին նաև աշխատում է: Գալուստյանը նշեց. «Թոշակը եկամուտ է համարվում, թոշակառուները թոշակի մասով հավելյալ լրացնելու ոչինչ չունեն, իսկ եթե քաղաքացին օրինական աշխատում է և նաև թոշակ է ստանում, ապա ՊԵԿ-ին այդ տեղեկատվությունը հասանելի է»:

Հավելենք, որ նախագիծը դեռ չի ընդունվել, այս ամենը դեռ խոսակցությունների մակարդակում է:

Մարիաննա Արամյան

Send