Երեկ, Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս էր շրջվել, որի արդյունքում 30 անձ տեղափոխվել էին ԲԿ։
Ավելի ուշ հայտարարվեց, որ վթարի ենթարկված ավտոբուսում եղել են Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ, լուրջ վնասվածքներ ստացածներ չկան։
Այնուհետև Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
9-ը տուժածների բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում:
Mediahub-ը այսօր Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են բժիշկների հսկողության տակ գտնվող քաղաքացիները, որին ի պատասխան Ծատրյանը հայտնեց՝ Դիլիջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 3 տուժած շարունակում է ստանալ բուժօգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Մնացածը (այսինքն 7 անձ) դուրս են գրվել։
Mediahub-ը նաև փորձեց կապ հաստատել Երևան Բրյուսով անվան համալասարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով, սակայն իրեն բնորոշ ոճով ռեկտորը չցանկացավ պատասխանել մեր հարցերին, անմիջապես անջատեց հեռախոսը։
Էմմա Մարտիրոսյան
