Հայաստանում ձևավորվել է Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողով. դրանում ներառվել է նաև ԱԳ նախարարի կինը։
Mediahub-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքվեց, թե ի՞նչ է տալու ՀՀ-ին հանձնաժողովի ստեղծումը, որին ի պատասխան հայտնեց, որ հստակ չի կարող ասել, թե ինչ արդյունքներ կլինեն հանձնաժողովի ստեղծման արդյունքում, քանի դեռ իրենք չեն տիրապետում լիարժեք տեղեկությանը։
«Մենք մամուլից ենք իմանում, թե ինչ է կատարվում, ի՞նչ են պայամանավորվում։ Մենք ինչ-որ բան իմանում ենք կա՛մ ադրբեջանական մամուլից, կա՛մ Ադրբեջանի նախագահի ու պետական պաշտոնյանների հայտարարություններից։ Այսինքն բոլորի համար այս գործունեությունը բաց է, ՀՀ-ի համար փակ է»,- հավելեց Դանիելյանը։
Այն հարցին, թե առհասարակ, ի՞նչ կապ ունի Արարատ Միրզոյանի կինը այս հանձնաժողովի հետ, քաղաքագետը օրինակ բերեց Նիկոլ Փաշինյանի կնոջը։
«Վարչապետի կնոջ վրա պետական մեծ գումաներ են ծախսվում, որը իրենց թույլ է տալիս քաղաքական հայտարարություններով հանդես գալ, ֆոնդ են ստեղծում, որին վճարում են խոշոր գործարարները, և ակնհայտ է, որ սա ինչ-որ առումով կոռուպցիոն ռիսկեր ունի։ Հիմա ինչո՞վ է Արարատ Միրզոյանի կինը պակաս վարչապետի փաստացի կնոջից։ Սա նախադեպ է, որը կարող են մյուսները կիրառել»,- եզրափակեց քաղաքագետը։
Նշենք նաև, որ Գոհար Աբաջյանը վերջերս նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն: Հանձնաժողովում ևս մեկ «նորեկ» կա՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը, ով նախորդ տարի ազատվել էր այդ պաշտոնից: Անդրեասյանը վերջերս դարձել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։
Էմմա Մարտիրոսյան
