Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևանի պատմամշակութային շենքերը կնկարազարդվե՞ն. ո՞վ է ընտրում՝ ինչ նկար է լինելու շենքերին

Blog Image

Վերջին շրջանում վարդագույն Երևանը նոր գույներ է ստանում. մայրաքաղաքի սրտում գտնվող մի շարք շենքերի պատեր գունազարդվել են, դրանց  վրա տարատեսակ նկարներ են հայտնվել, և հանուն արդարության նշենք, որ կան շենքեր, որոնց գունազարդումը ճաշակով է արված, բայց կան նկարներ, որոնք բացասական կարծիքներ են առաջացրել: 

Մասնավորապես, բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի վրա Անահիտ Աստվածուհու պատկերը, որին ի պատասխան Երևանի քաղաքապետարանից նշեցին, որ այդ շենքի նկարազարդումը քաղաքապետարանի հետ համաձայնեցված չի եղել։

 

«Քաղաքապետարանի դիրքորոշումն այն է, որ նկարազարդումները պետք է մաքրվեն»,– ահա այսպես էին քննադատության արձագանքել կառույցից:

Մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում շենքերը, որոնք գունազարդվում են, արդյո՞ք նկարները պետք է համաձայնեցվեն քաղաքապետարանի հետ, ո՞վ է ընտրում՝ ինչ նկար է հայտնվելու շենքերին, և արդյոք պատմամշակութային շենքերին ևս այդ ճակատագիրը սպասվում է: MediaHub-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ:

«Թույլտվության կարգը հետևյալն է. քաղաքապետին կից ստեղծված աշխատանքային խումբ ունենք, որի գործառույթն իրենից ենթադրում է Երևան քաղաքում տեղադրվող նմանատիպ նկարներ կամ «street art»-երը: Աշխատանքային խմբին ներկայացվում է, իրենցից ստանում ենք բացասական կամ դրական պատասխան, որից հետո բացասական կամ դրական եզրակացություն ենք տալիս»,– նշեց Առաքելյանը:

Իսկ ահա հարցին, թե ո՞վ է ընտրում՝ ի՞նչ նկար է պատկերված լինելու Երևանի շենքերին, Առաքելյանը նշեց, որ նկարիչներից և կազմակերպություններից առաջարկները ստանում է քաղաքապետարանը, այնուհետև առաջարկները ներկայացվում են նույն այդ աշխատանքային խմբին, քննարկվում է, ապա եզրակացությունը ներկացվում է քաղաքապետին: 

Իսկ պատմամշակութային շենքերի մասով ի՞նչ է սպասվում, և  ընդհանուր քանի՞ շենք է արդեն նկարազարդված։

«Այս պահին չունենք տեղեկություն, թե քանի՞ շենք է նկարազարդված, սակայն, նոր դիմումներ էլ չկան: Եթե խոսք գնա պատմամշակութային շենքի մասին, ապա բացի մեր աշխատանքային խմբից, այստեղ լիազոր մարմինը ԿԳՄՍՆ-ն է, առնվազն իրենց համաձայնությունը պետք է: Իսկ շենքի ընտրության հարցում մենք չենք նախաձեռնում, չենք ընտրում շենքեր, մեզ գալիս են առաջարկներ, որոնք ներկայացնում ենք խորհրդին, աշխատանքային խմբի քննարկմանը, որտեղ հաշվի են առնվում տարբեր կոմպոնենտներ: Իհարկե, դրանք չեն վերաբերվում պատմամշակութային շենքերին, դրանք գունազարդելու համաձայնությունը պետք է լինի ԿԳՄՍՆ-ի խորհրդից»,– հավելեց Առաքելյանը:

Send