Հանրապետության տարբեր հատվածներում գրեթե ամեն օր բողոքի ակցիա է իրականացվում: Հերթականն այսօր տեղի է ունեցել Արթիկում, սակայն ուշագրավն այն է, որ պատասխանատու մարմինները դրա վրա թքած ունեն. ո՛չ Շիրակի մարզպետարանը, ո՛չ էլ Արթիկի համայնքապետարանը տեղյակ չեն, թե ինչ է եղել և ինչու:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արթիկ խոշորացված համայնքի Նարեկացի փողոցում ի նշան բողոքի քաղաքացիները ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որպեսզի պատկան մարմինները լսեն իրենց ձայնը: Մասնավոր զրույցներում քաղաքացիները պատմել են, որ նշված փողոցում ճանապարհը ասֆալտապատվել է, բայց որոշ վայ-վարորդներ այնպես են քշում ավտոմեքենաները, «կարծես դժոխքի դռները բացած լինեն»:
Քաղաքացիները դիմել են պատասխանատուներին, որ արագաչափ տեղադրվի այդ հատվածում, որտեղ և՛ շարժն է շատ, և՛ հետիոտները, բացի այդ հարևանությամբ գործում է Արթիկի թիվ 6 դպրոցը, որտեղ շուրջ 300 աշակերտ է հաճախում: Սակայն արագաչափը շուտով հանել են ու ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նորից ավելացել է: Բնակիչները բողոքի ակցիա իրականացնելով փորձում են հրավիրել ուշադրությունն իրենց խնդրին, բայց իրենց խնդրին ուշադրություն դարձնող, պարզվեց, չկա:
MediaHub-ը փորձեց Արթիկի համայնքապետարանից մանրամասներ ճշտել, թե ի՞նչ են պատրաստվում անել, գուցե արագաչափը վերադարձնեն և այլն, սակայն համայնքի թիվ մեկ կառույցում նստած մարդիկ մեզնից էին տեղեկանում, որ նման ակցիա է եղել իրենց քթի տակ: Նույն վիճակն էլ Շիրակի մարզպետարանի պարագայում էր, մարզպետարանի աշխատակիցները ևս տեղյակ չէին ու իրենց անտեղյակությունը արդարացնելու համար հորդորեցին դիմել Արթիկի համայնքապետարան։
Փաստենք, որ եթե մարդիկ բողոքի ակցիա են անում, որը չի հետաքրքրում թիվ մեկ պատասխանատուներին, ապա իմաստ էլ չկա սպասելու, որ իրավիճակ կփոխվի, ու քաղաքացու ձայնը լսելի կդառնա:
Էմմա Մարտիրոսյան