Երևանի «բարեփոխված» տրանսպորտի աշխատանքը շարունակում է դժգոհություններ առաջացնել քաղաքացիների մոտ:
MediaHub-ին շարունակում են դիմել քաղաքացիները՝ ահազանգելով, որ տրանսպորտը ժամանակին չի գալիս, լինում են օրեր, երբ 30-40 րոպե սպասում են կանգառում:
«Երեք տարի է օգտվում եմ 18 համարի ավտոբուսից, հունիսից սկսած լուրջ խնդիր կա: Մասնավորապես՝ Աշտարակի խճուղու կանգառում ամեն օր գրեթե 25-35 րոպե սպասում եմ, որ տրանսպորտ գա։ Ամիսներ շարունակ այդ խնդիրն է, մարդ չի կարող պլանավորել օրը»,– նշեց ահազանգած քաղաքացին։
Նրա խոսքով՝ մի քանի անգամ բողոքել է, զանգահարել է Թեժ գիծ, բայց ոչ մի փոփոխություն չկա։ Իսկ Թեժ գիծ զանգելուց էլ աշխատակիցը պատճառաբանում է, թե խցանումներ են։
«Այսինքն, քաղաքը կաթվածահար է, դրա համա՞ր մարդիկ պետք է 30 րոպե սպասեն տրանսպորտ, սա՞ է բարեփոխված տրանսպորտը»,– վրդովվեց քաղաքացին։
Նա հավելեց, որ մեկ այլ խնդիր էլ ավտոբուսի վարորդների կոպիտ շփումն է քաղաքացիների հետ, երբ վերջիններս հետաքրքրվում են, թե ինչո՞ւ է այսքան ուշ–ուշ գալիս հանրային տրանսպորտը: Նրանք, ըստ մեր զրուցակցի, ամռանը նշում էին՝ «դե ամառվա ամիս է, շոգ է, կանգառներում մարդ չկա, դրա համար ուշ–ուշ ենք գալիս», իսկ հիմա նշում են՝ «մի նյարդայնացրեք, կկանգնենք ու չե՛նք գնա»։
«Այսինքն, դեռ մի բան էլ մեզ սպառնում են: Ստացվում է, որ միևնույն է երբ դուրս գաս, մեկ է ուշանալու ես, մեկ է տրանսպորտը ուշ է գալիս, և եթե 30 րոպեից ավելի չի գալիս, մեկ է նստելու ես տաքսի, որ գոնե հասնես Ա կետից Բ կետը: Բայց ամեն օր չես կարող օգտվել տաքսուց։ Եղել են օրեր, երբ 50 րոպե էլ եմ սպասել 18 համարին։ Ախր կանգառն էլ նորմալ կանգառ չի, ո՛չ ծածկ կա, ո՛չ մի բան, մի հատ կանգառի նշան է, որ իմանան, որ կանգառ է, բայց ընդհանրապես պատշաճ կահավորված չի»,– հավելեց նա։
Մարիաննա Արամյան