Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, տեղեկությունը MediaHub-ին հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Քննիչի որոշմամբ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին», – ասաց նա։
Ըստ մամուլի՝ առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Սպարտակ Ղուկասյանին։ Նրա մյուս երեխան էլ եղել է մեքենայի մեջ։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։