Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պետություն չի՞, տնայնագործական արհեստանո՞ց է, որ ով ինչ ուզել, արել է. Միլիտոնյան

Blog Image

Երևանի ամենակենտրոնում՝ Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության եռահարկ շենքը և Աբովյան 16 հասցեում գտնվող Նկարիչների միության շենքը պետությունը որոշել է իրենով անել։

Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել այդ շենքերը պետությանը վերադարձնելու պահանջով։ Իրավապահները պնդում են՝ միությունների շենքերը 90-ականներին ապօրինի են մասնավորեցվել՝ առանց պետության որոշման։

Կառավարության վերջին նիստի ժամանակ էլ Փաշինյանն ու վերջին շրջանում «ապօրինի գույքի» վերադարձի ռահվիրա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին քննարկում էին այս հարցը։

«Հասարակական կազմակերպությունների կողմից պետական գույքի ապօրինի տնօրինման դեպքերը շարունակում ենք ուսումնասիրել։ Այս պահին ուսումնասիրության ներքո են Գրողների, Ժուռնալիստների, Նկարիչների միություններն ու մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր։ Սա իհարկե որոշակի նյարդ է առաջացնում, քանի որ կարծիք է առաջանում, թե մենք ստեղծագործական ընթացքին էլ ենք միջամտում, բայց մեր կողմից կատարված ուսումնասիրությունների ժամանակահատվածում մեծ քանակի գույք չի օտարվել»,- Կառավարության նիստի ընթացքում ներկայացրել էր Աննա Վարդապետյանը։ 

Նշենք, որ պետության ու միությունների միջև վեճի առարկա դարձած Գրողների միության շենքն ավելի քան 1.5 միլիարդ, Նկարիչների միությանը 750 միլիոն դրամ արժեն։ Ընդ որում՝ սա միայն կադաստրային արժեքն է։ 

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ հայցը Կադաստրի կոմիտեի դեմ է, իսկ այդ կառույցը զարմանալիորեն հանգիստ է։ 

«Այդ կառույցի որոշումներն են հիմա դատարաններում վիճարկվում, իսկ իրենց ձայնը չի լսվում։ Մենք երրորդ անձ ենք, իսկ Կադաստրի կոմիտեն, որի դեմ հայցեր են ներկայացվել, լռում է։ Արդյունքում տուժելու ենք մենք։ Դատի են տալիս մեկին, տուժում է մյուսը, սա աբսուրդ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Միլիտոնյանը։

Նրա խոսքով՝ այդ շենքերը, որոնց մասին խոսվում է հիմա, երբևէ պետական չեն եղել, դրանք համարվել են ստեղծագործական միությունների շենքեր, և այդպես էլ դիտարկվել են։ 

«30 տարի պետությունն այդ շենքերում որևէ ներդրում չի ունեցել, որևէ բան չի արել, հիմա ինչի՞ց են խոսում։ Ես կուզեմ, որ մյուս միություններն էլ խոսեն, ախր հարցն իրենց էլ է վերաբերում։ Դուք տեսնո՞ւմ եք՝ մյուս միությունների դեպքում խոսվում է, որ գույք են վաճառել, Գրողների միության մասին այդ առումով ոչ մի խոսք չկա, բայց ամենաակտիվը ես եմ խոսում, բարձրացնում այս հարցը»,- նկատում է նա։ 

Միլիտոնյանը հիշեցրեց՝ դեռ երկու տարի առաջ են իրենք համաժողով արել ու հայտարարել, որ միության որևէ գույք չի վաճառվելու, իրենց կողմից սահմանված արգելանք էլ կա այդ առումով։

«Ես երկու տարի է՝ անընդհատ մտավախություն եմ արտահայտում, որ ստեղծագործ մարդկանցից շենքը կվերցնեն։ Այդպես հարց չեն լուծում, ընդհանրապես, Կառավարության նիստում չպիտի այդ հարցը քննարկվի։ Կառավարությունում դատախազին ուղղորդումնե՞ր են արվում, այդ մասին պետք է բարձրաձայնվի։ Ախր դատարաններում պետք է այս հարցը քննվի, Կադաստրի կոմիտեն պիտի խոսի, ի վերջո։ Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում, որ այդ մարմինն իր անցյալը համարում է ոչ պետակա՞ն, հակաօրինակա՞ն։ Եթե այդպես է, ուրեմն այս պետությունը պետություն չի՝ վերջին տարիներն էլ հետը։ Տնայնագործական արհեստանո՞ց է, որ ով ինչ ուզել, արել է»,- ասում է Միլիտոնյանը։

Գրողների միության նախագահը նշում է նաև, որ օրենքի ուժով է իրենց տրվել սեփականության իրավունք։  «Բայց եթե պետությունն իր լծակներով պիտի սեղմի, որ դատարանները չկարողանան ապահովել ճշմարտությունը, էլ ի՞նչ ասեմ»,- ասում է Էդուարդ Միլիտոնյանը։

Պատմական ակնարկ անելով՝ նա նաև տեղեկացնում է, որ 1934 թվականից Սովետական միությունում, երբ ստեղծվել են ստեղծագործական միությունները, զուգահեռ նաև եղել է գրական հիմնադրամ, որը ոչ պետական է եղել։

«Այդ հիմնադրամից են կառույցները աշխատավարձ ստացել, մեր տպագրած գրքերի հոնորարներից տոկոսներ էր գնում այդտեղ։ Եվ դրանով օգնում էինք նաև ստեղծագործական շենքերի առօրյային, շենքեր կառուցելուն։ Այսինքն՝ պետական չեն եղել այդ հիմնարկները, հիմնադրամ է եղել, որը մեր ջանքերով ու միջոցներով էր ստեղծված։ Ես 15 գիրք եմ այդ ժամանակ տպագրել, ամեն հոնորարից էլ տասը տոկոս ուղարկվել է Մոսկվա, եթե ես դրանք գումարեի, տուն կառնեի այդ ժամանակ։ Մենք ուղարկել ենք, որ օգնեն։ Հիմա պետությունն ասում է՝ այդ ամենն իմն է, էդ ո՞նց կլինի»,- ամփոփում է խոսքը Էդուարդ Միլիտոնյանը։

Նարե Գնունի

Send