Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Այլևս հերթերը քիչ կլինեն․ լավ լուր՝ վարորդական իրավունք ստացող քաղաքացիների համար

Blog Image

Վարորդական իրավունք ստանալը ՀՀ քաղաքացու համար տևական ժամանակ դարձել է գլխացավանք։ Եթե այլ երկրներում բավարար է լավ վարել իմանալը և տեսական ու գործնական քննությունները հաջող հանձնելը, ապա Հայաստանում գործընթացը լի է բարդություններով։

MediaHub-ը հաճախ է ահազանգեր ստանում այն մասին, որ վարորդական քննությունները պատշաճ չեն իրականացվում։ Թեև օրենքով թույլատրվում է գործնական քննության ընթացքում երկու սխալ, ՆԳՆ աշխատակիցները հաճախ կտրում են թեկնածուներին անգամ մեկ աննշան վրիպման դեպքում։

Սակայն, մյուս գլխացավանքն է մոտակա օր ամրագրելը գործնական կամ տեսական քննության համար։  «Քաղաքացին քննությունից կտրվում ա, և հաջորդ քննական օրն երեքից չորս ամիս անց է։ Օրինակ՝ Երևանում դեկտեմբերին գործնական քննությունից կտրվել եմ, մոտակա օրը բերել էր ապրիլ»,- նշեց մեզ ահազանգած քաղաքացին։

Մյուս քաղաքացին ահազանգում է․ «Տեսական քննությունս Երևանում կտրվեցի, հաջորդ անգամ կարող եմ հանձնել միայն մարտի 5-ին։ Հավելյալ գումար արտահերթ քննության համար չցանկացա ծախսեմ, ստիպված պետք է սպասեմ երեք ամիս, որ հանձնեմ քննություն»։

Նշենք, որ MediaHub-ն ուսումնասիրեց բոլոր հաշվառման-քննական ստորաբաժանումները, և վարորդական վկայական ստանալու գործնական քննության մասնակցելու համար ամենամոտ օրերը փետրվարին են մի քանի ՀՔԲ-ներում, սակայն, հիմնականում մարտ-ապրիլ ամիսներին են։

Լավ լուրը՝ վարորդական իրավունք ստացող քաղաքացիների համար այն է, որ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները մոտակա դեկտեմբեր ամսվա շաբաթ օրերին նաև կաշխատեն։

«Քաղաքացիներին առավել հասանելի ծառայություն տրամադրելու, ծանրաբեռնվածությունը թոթափելու և հերթերից խուսափելու նպատակով՝ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 13-ին և 20-ին Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն ներառյալ»,- նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

MediaHub-ի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հերթերի ծանրաբեռնվածությունից ելնելով մյուս ամիսներին ևս շաբաթ օրերին աշխատեն ՀՔԲ-ները, Սարգսյանը պատասխանեց․  «Այո, անհրաժեշտության դեպքում մյուս տարի, հնարավոր է, այս նախաձեռնությունը շարունակվի»։

Մարիաննա Արամյան

Send