Հարևան Վրաստանը կապահովի նավթի միանվագ անվճար տարանցում Ադրբեջանից դեպի Հայաստան, գրել են տեղի ԶԼՄ-ները։
Ըստ մամուլի՝ դեկտեմբերի 5-ին կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում ապահովելու վերաբերյալ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղի» ընկերությանը հանձնարարվել է անհապաղ անվճար իրականացնել բեռի երկաթուղային փոխադրում։
MediaHub-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ հասկանալու համար քաղաքական առումով ի՞նչ է նշանակում սա:
.jpg)
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվում են տնտեսական հարաբերություններ, և հետագայում, հնարավոր է, նախկին զարգացումների և հայտարարությունների տրամաբանության մեջ էներգետիկայի հարցը կախված լինի Ադրբեջանից և Թուրքիայից։
«Հասարակության կարծիքը բացարձակապես հետաքրքիր չէ աշխարհաքաղաքական կենտրոնների համար, իրենց համար կարևոր է իրենց ծրագրերը, դրանք էլ բացահայտորեն հայտարարված են, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենան հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս ամենի համար տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և հնարավոր կախվածությունը Իրանից պետք է վերացվեն, քանի որ մեր հարևանները Թուրքիան և Ադրբեջանն են, ապա էներգետիկ առումով պետք է իրենցից կախվածության մեջ գտնվենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծ է գազի և նավթի մատակարարման առումով»,- հավելեց քաղաքագետը։
Դանիելյանի խոսքով՝ նման գործողություններով փորձում են աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնել։
Էմմա Մարտիրոսյան
