Ինչպես հայտնի է, Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Այս որոշման հետևանքով ծաղիկ արտադրող ու արտահանող հարյուրավոր քաղաքացիներ տուժել են և վերջին օրերին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում:
Հիշեցնենք, ծաղիկ արտահանողներին նախօրեին ՍԱՏՄ-ից հրավիրել էին հանդիպում-քննարկման, որի արդյունքներից վերջիններս, պարզվեց, այդքան էլ գոհ չեն:
Ի՞նչ են անում պատկան մարմինները հայ արտադրողների խնդիրները մեղմելու համար:
MediaHub-ի հետ զրույցում ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ տնտեսվարողների մոտ պետք է հնարավորինս արագ ստուգումներ իրականացվեն և եթե տնտեսվարողը որևէ խնդիր չունի` շատ արագ կկազմակերպվի նրա ծաղիկների արտահանումը՝ ռուսական կողմին տվյալները ցույց տալով ու համաձայնություն ստանալով։
«Ռուսաստանի դաշնային ծառյության հետ բանակցությունները գրեթե ամեն օր են։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվել ենք, որ մինչև իրենց ուսումնասիրող խմբի ուղարկելը իրենք հենվեն մեր տեսչական ստուգումների վրա, որովհետև տնտեսվարողների համար դա առանցքային խնդիր է, և իրենք ուզում են արագ արտահանումները կազմակերպեն։ Արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց՝ այո, մենք վաղվանից կսկսենք ստուգումները, տվյալները իրենց կներկայացնենք և կերաշխավորենք մեր սանիտարական հավաստագիրը»,- նշեց Անուշ Հարությունյանը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի հասցեին հնչել են մեղադրանքներ, որ ՀՀ-ն 3-րդ երկրից է ներմուծում և արտահանում ծաղիկները որպես հայկական։
«Մենք արդար կազմակերպեցինք իրենց տեսչական ուսումնասիրությունը, իրենք նայեցին, տեսան, համոզվեցին, որ մենք հսկայական տարածություններով ունենք ջերմոցատներ և մենք կարողանում ենք մեծ քանակությամբ մի քանի միլիոն ծաղիկ արտահանել»,- նշեց մեր զրուցակիցը։
Բայց գլխավոր հարցը՝ երբվանի՞ց կվերականգնվի արտահանման բնականոն գործընթացը, մնաց անպատասխան. Անուշ Հարությունյանը դժվարացավ հստակ օր նշել, սակայն հավաստիացրեց՝ վաղվանից տեսչական ստուգումները կմեկնարկեն։
Էմմա Մարտիրոսյան