Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Անաղմուկ բացված արևային կայանները, որոնց տեղը չեն նշում, հրամցնում են որպես հզոր ատոմակայաններ

Blog Image

Երեկ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, խոսելով արևային էներգետիկան զարգացնելու մասին, ասաց, որ արևային էներգիայի ոլորտի զարգացումը մենք չպետք է կասեցնենք, դանդաղեցնենք, պետք է թողնենք զարգանա, մենք պետք է հասնենք նրա հետևից մեր տեխնոլոգիաներով, լուծումներով։ Այնուհետև այսպիսի մի գրանդիոզ հայտարարություն արեց․  «Մենք ատոմակայանից կրկնակի ավել երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չեն էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել։ Այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել։ Ընդ որում, վերջին յոթ տարում է այս ճեղքումը տեղի ունեցել։ Սա մեծագույն ձեռքբերում է, որի մասին չի խոսվում, բայց կարևորը խոսելը չի, կարևորը ձեռքբերումն է»։ 

Սա երեկ քննարկման առիթ տվեց, թե՝ այդ որտե՞ղ են երկու ատոմակայան կառուցել, որ չենք տեսել։ Ատոմակայանը ատոմային էներգիայով աշխատող կայան է, որի կառուցումը շատ մեծ ու բարդ գործ է և պետք է հաստատվի ՄԱԳԱՏԷ-ի կողմից, դրա համար շատ լուրջ ներդրումներ են պետք, լուրջ աշխատանք պետք է տարվի, և անհնար է, որ Հայաստանում ատոմակայան կառուցվեր, և այդ փաստը այդպես անաղմուկ անցներ, որևէ մեկը այդ մասին չիմանար, էլ չենք ասում՝ կառավարությունն ինքը այդ մասին 24/7 ռեժիմով չթմբկահարեր և չգովազդեր։ Ուստի, այսօր MediaHub-ը դիմեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ խնդրելով նշել, թե որո՞նք են Նիկոլ Փաշինյանի հայտարարած այդ երկու ատոմակայանները, և որտե՞ղ են գտնվում դրանք։ 

Պարոն Խուդաթյանը նախ մեզ առաջարկեց ևս մեկ անգամ լսել Նիկոլ Փաշինյանի խոսքը այդ մասով։ Նորից լսեցինք, բառացի ցիտեցինք այն, ինչ ասել է, ավելին՝ նկատեցինք, որ մեր կարծիքով՝ Փաշինյանը, հավանաբար, նկատի է ունեցել ինչ-որ արևային կայաններ, ուստի խնդրեցինք նշել, թե որոնք են այդ հզոր արևային կայանները, որոնք Նիկոլ Փաշինյանը համեմատել կամ հավասարեցրել է ատոմային էներգիայով աշխատող կայանների հետ։ 

Ի պատասխան՝ Խուդաթյանը նախ հաստատեց, որ խոսքը, իսկապես, արևային կայանների մասին է, և քննարկումը հենց այդ համատեքստում է եղել։ Ապա ավելացրեց․ «Հայաստանում այս պահին կան տեղադրված 850 Մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ, որոնց դրվածքային հզորությունը կրկնակի ավել է ՀԱԷԿ հզորությունից։ Էներգետիկ ռազմավարության մեջ 2030 թվականին որպես թիրախ սահմանված է 1000 Մեգավատը, և փաստացի 5 տարի շուտ հասել ենք 850 Մեգավատի»։ 

Իսկ որո՞նք են այդ կայանները, որտե՞ղ են դրանք տեղադրված, հարցրինք ՏԿԵ նախարարին՝ խնդրելով ավելի հստակեցնել և մանրամասնել, թե ինչ կայանների մասին է խոսքը։ Խուդաթյանը, սակայն, չհստակեցրեց՝ որտեղ են կառուցվել այդ երկու հզոր կայանները՝ նշելով․ «Տեղադրվել են հանրապետության տարբեր մարզերում»։

Վահե Մակարյան

Send