Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երբեմն ավելի լավ է Սրբուհի Գալյանին ուղղակի նայել, քան՝ լսել

Blog Image

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը թեև իրենց իշխանության մասին հայտնի վիպակը՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» չէր կարդացել, բայց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում իր հայտնած մտքերով հերթական անգամ ապացուցեց, որ այդ գիրքն ամբողջովին իրենց մասին է, և մենք գտնվում ենք հենց Օրուելի «Անասնաֆերմայում»։ 

Ահավասիկ, տիկին Գալյանը, որն այսօր մասնակցում էր «Արբիտրաժային շաբաթ» խորագիրը կրող միջոցառմանը՝ ԵՄ գրանտներով կազմակերպված, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ-ի մասով Ստոքհոլմի արբիտրաժի կայացրած վճիռը իրենց կողմից չկատարելուն, ուղիղ տեքստով հայտարարեց՝ իրենք կարող են կամովին կատարել այդ վճիռը, կարող են՝ հարկադրաբար, բայց քանի դեռ չկա հարկադրանք, որոշել են կամովին չկատարել։ Ու թքած, թե իրենք ինչ արժեքներով են եկել իշխանության, ինչպես են ամեն օր թմբկահարում դատական համակարգի դերի, նշանակության ու անկախության կարևորության մասին, ու թքած նաև, որ մի ամբողջ միջազգային հանրության առջև կարող ենք խայտառակ լինել մեր «կոտոշության» և անձնական ամբիցիաների պատճառով։

Գալյանը դրա համար բերեց ինչ-որ իրավական հիմնավորումներ, Նյու Յորքի կոնվենցիայից մեջբերումներ արեց, թե որ դեպքերում է հնարավոր չկատարել արբիտրաժի որոշումը՝ միայն թե արդարացնի իրենց «կացնային» քաղաքականությունը, որ՝ «չենք ուզում և վերջ», որովհետև «ընկեր Նապոլեոնն» է այդպես ուզում։

«Կա Նյու Յորքի կոնվենցիա, որին մասնակցում ենք մենք, և այդ կոնվենցիան սահմանում է այն դեպքը, երբ պետությունը չի կատարում արբիտրաժի որոշումը կամովին, և այդ որոշումը, երբ չի կատարվում կամավոր կերպով, պետք է կամ կարող է կատարվել հարկադրաբար։ Իսկ հարկադրաբար կատարման հիմքը դատարանի որոշման հիման վրա համապատասխան արբիտրաժային որոշման կատարումն է»,- բացատրեց Գալյանը՝ նշելով, որ դեռ պետք է դիմեն դատարան, որ մեր տեղական դատարանը կառավարությանը ստիպի՝ կատարել արբիտրաժի վճիռը։

Իսկ ինչո՞ւ, այդ դեպքում, ազատվեց Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը իր հայտնած դիրքորոշման համար։ Ի դեպ, Դրմեյանն այսօր ևս մասնակցում էր այդ միջոցառմանը, և MediaHub-ի հետ կարճ զրույցում ասաց՝ ինքն ընդամենը պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել։ Ինչո՞ւ ազատեցին այդ պրոֆեսիոնալ կադրին։ Գալյանն ասաց՝ ազատողն ինքը չի եղել ու չի կարող պատասխանել։ Իսկ մտահոգություն չունի՞, որ մի օր էլ իրեն կարող են իր հայտնած պրոֆեսիոնալ կարծիքի համար ազատել պաշտոնից, Գալյանն ասաց, որ որևէ մտահոգություն չունի, քանզի քաղաքական պաշտոն է զբաղեցնում և շատ հնարավոր է՝ մի օր չզբաղեցնի այդ պաշտոնը։

Իսկ որքանո՞վ է պրոֆեսիոնալ Սրբուհի Գալյանը, որը հաճախ կանգնում է տեսախցիկների առջև կամ ամբիոնի մոտ՝ ասես պոդիում բարձրացած լինի, և այնպիսի մտքեր է հայտնում, որ նախընտրում ես նրան ավելի շատ դիտել՝ զուտ էսթետիկ առումով, քան՝ լսել, թե ինչպես է իրավունքի և իրավական պետության հերն անիծում իր հայտարարություններով։ Ինքն իր մասին, համենայնդեպս, այսօր այսպիսի կարծիք հայտնեց․ «Մենք՝ բոլորս, ովքեր պաշտոն ենք զբաղեցնում այսօր, կարծում եմ, որ պրոֆեսիոնալներ ենք, և այն, ինչ որ ասում ենք, պետք է լինի մտածված և գիտակցված»։ 

Գուցե Գալյանը, որ նաև ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դասախոս է և սերունդ է կրթում, իսկապես պրոֆեսիոնալ է, բայց արդյո՞ք այն, ինչ խոսում է՝ արդարացնելու «կառավարությունը ես եմ» մտքի հեղինակ իրենց ղեկավարի հակաիրավական, անտրամաբանական, հաճախ՝ ցինիկ ու իրավունքի և իրավաբանության վրա թքած ունեցող հայտարարությունները, պրոֆեսիոնալ է։ Չի՞ գիտակցում Գալյանը իր խոսքերի արժեքը, թե՞ գիտակցելով է ստիպված լինում «ընկեր Նապոլեոնի» բռնապետական մտքերն արդարացնող տեսակետներ հայտնել՝ անցնելով իրավաբանության ու իրավական տրամաբանության վրայով։

Իսկ կա՞ մի դատարան, որն անկախ կգործի և արբիտրաժի որոշումը կհամարի պարտադիր կատարման ենթակա։ Այս հարցին Գալյանը, որ անգիր արած տեքստերով հայտարարում էր, թե մեր երկրում դատական համակարգը անկախ է, այսպիսի պատասխան տվեց․ «Եթե դատարանը կայացնի համապատասխան ակտ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով դա պետք է կատարվի։ Բայց քանի որ գործ ունենք օրենքի հետ և օրենքի կատարման հետ, ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է դատարանը, ցանկացած այլ մարմին ասել՝ գիտե՞ք ինչ, մի՛ կատարեք մեր երկրի օրենքների պահանջները։ Այդպիսի բան ես չեմ պատկերացնում»։

Փաստորեն նա, հանդես գալով գործադիր իշխանության անդամի դիրքերից, արդեն իսկ ուղղորդեց այն պոտենցիալ դատավորին, որը պետք է վաղը, ենթադրաբար, քննի Ստոքհոլմի արբիտրաժի դատարանի վճռի՝ պարտադիր կատարման ենթակա լինել-չլինելու հարցը։

Երբ այդ մասին հուշեցինք նրան, որ ինքն արդեն իսկ կանխակալ կարծիք է հայտնում դեռևս չկայացած ակտի վերաբերյալ ու անուղղակի կերպով ուղղորդում է դատարանին, Գալյանն իր ավանդական դարձած պարզամտությամբ փորձեց արդարացնել իր առերևույթ ուղղորդումը՝ դատարանին․ «Դե, կներեք, բա հարցնում եք, ես էլ ձեզ հետ շփումներում շատ բաց եմ, կարծիքս հայտնում եմ։ Մյուս անգամ, որ հարց տաք, այլևս չեմ խոսելու, որովհետև իմ ասածները գուցեև վաղը  օգտագործվեն իմ դեմ»։

Նորից հարց է առաջանում՝ չի՞ գիտակցում տիկին Գալյանը, թե ինչ է խոսում, ինչպես է փորձում արդարացնել իր ղեկավարի ասածները, թե՞ գիտակցելով է այսպիսի մտքեր հայտնում՝ փորձելով սեթևեթանքով հարցը լղոզել և իրեն դուրս բերել ոչ պրոֆեսիոնալ իրավիճակից։ 

Վերջում Գալյանին հարցրինք․

-Դուք Ջորջ Օրուելի «անասնաֆերման» կարդացե՞լ եք։

-Ինչո՞ւ։

-Որովհետև 2018 թվականին, երբ եկաք իշխանության, այդ գիրքը կտրուկ շատ ակտուալ դարձավ, քանզի բոլորը «Անասնաֆերմայի» բովանդակությունը համեմատում էին ձեր իշխանության հետ, որ «ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է»։ Մինչև հիմա տեսնում ենք, որ «ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է», որևէ մեկը չի հակադրվում նրան։

-Ե՞վ։

-Կարդացե՞լ եք։

-Չէ, Ձեր առակը ի՞նչ կցուցանե։

-Առակս կցուցանե, որ կարճ գիրք է, ես մի չորս անգամ կարդացել եմ, ու ամեն անգամ նորովի եմ ասոցացնում ձեզ հետ, կարող եք Դուք էլ կարդալ։

-Շատ ուրախ եմ Ձեզ համար, կարդալը նորաձև է, կրթևելը՝ նույնպես։

Փաստորեն, Սրոբւհի Գալյանը ոչ միայն իրեն մի ամբողջ կառավարության հետ ասոցացնող Նիկոլ Փաշինյանի մտքերի կրողն ու տարածողն է, նաև «իրավաբանորեն» արդարացնողը, այլև Փաշինյանի տիկնոջ՝ նոր-նոր գիրք կարդալու ձևերը սովորած և այն նորաձևության ասպարեզ հանած Աննա Հակոբյանի «գաղափարներն» է պարտադիր-կամավոր կերպով տարածում՝ ցույց տալու իր անվերապահ հավատարմությունը նորմալ կրթություն չստացած և մարդկանց պարբերաբար ինտելեկտուալ շոկի ենթարկող այս զույգին։

Վահե Մակարյան

Send