Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին:
Աշնանային նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 29-ին, կտևի մինչև հոկտեմբերի 3-ը:
MediaHub-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունի, պատրաստվում է եվրոպացի գործընկերներին ներկայացնել, որ Հայաստանը, վերջապես, թևակոխել է խաղաղության դարաշրջան: Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանի համար սա կարևոր է, քանի որ տասնամյակներ շարունակ ԵԽԽՎ-ում քննարկվել և բազմաթիվ բանաձևեր են ընդունվել Արցախի մասով, բազմիցս է Ադրբեջանին կոչ արվել չկիրառել ուժ և բռնություն, մի շարք եվրոպացի պատգամավորներ դատապարտվեցին «խավիարային» սկանդալի մեջ ներգրավված լինելու համար...
Եվ հիմա Փաշինյանը այդ դահլիճում կխոսի այն մասին, թե ինչպես է ինքը բարեհաջող փակել Արցախի էջը, որ Արցախի հարց այլևս չկա, և Ադրբեջանն էլ մեր բարեկամն է ու բարի կամեցող հարևանը:
Հիշեցնենք, նախքան ԵԽԽՎ մեկնելը Նիկոլ Փաշինյանը, ինչպես երեկ MediaHub-ը գրել էր, մեկնելու է Մոսկվա, ուր հրավիրված է մասնակցելու «World Atomic Week»-ին: Այս միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 26-30-ը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ եթե Փաշինյանը մեկնում է Մոսկվա, ապա հնարավոր չէ, որ չհանդիպի նախագահ Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ելույթ է ունեցել 2019 թվականին:
Նարե Գնունի