Երևանում օդի աղտոտվածության մակարդակը բազմակի անգամ ավելացել է, և դա ակնհայտ ճշմարտություն է, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները դա չեն ուզում ընդունել: Եվ փոխարենը խնդիրը լուծելուն՝ օդը գնալով ավելի է աղտոտվում ու ավելանում է դրանով պայմանավորված հիվանդությունների թիվը։
Այդպես, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» երեկ հերթական շաբաթվա ամփոփումը հրապարակեց, համաձայն որի՝ նախորդ շաբաթ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Շենգավիթում, Նոր Նորքում, Արաբկիրում: Ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Եվ այսպիսի պատկեր է գրեթե ամեն շաբաթ:
Մասնագետները ահազանգում են՝ այս պատկերի պատճառը մայրաքաղաքում համատարած շինարարական աշխատանքներն են, մեծամասամբ առանց շինարարական նորմերի պահպանման։ Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի պնդումները, թե վերջին շրջանում նվազել է շինթույլտվությունների քանակը, MediaHub-ը փորձեց դա պարզել թվերով՝ գրավոր հարցմամբ դիմելով Երևանի թիվ մեկ կառույցին:
Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե քաղաքապետարանի կողմից քանի՞ շինթույլտվություն է տրվել կառուցապատողներին 2010-ից մինչև 2018 թվականները, քանի՞ շինթույլտվություն է տրվել 2018-ից մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը: Հարցրել էինք նաև, թե քանի՞ ապօրինի շինություն է կառուցվել 2010-2025 թվականին Երևանում, քանի՞սն են ապամոնտաժվել մինչ օրս:
Հետաքրքիր է նաև, թե բազմաբնակարան քանի՞ շենքի շինարարության դեպքում են խախտվել շիանարական նորմերը։
Ի պատասխան մեր հարցման` Երևանի քաղաքապետարանից պատասխանել են հետևյալը. «Երևան քաղաքում ներկայումս առկա է թվով 561 բազմաբնակարան շենքերի (բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների) տրված շինարարության թույլտվություններ։ Տեղեկացնում ենք նաև, որ 2010-2018թթ․ տրված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ պահանջվող ձևաչափով տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային փաստաշրջանառության և արխիվային նյութերում առկա չէ»:
2018 թվականին տրամադրվել է 14 շինարարական թույլտվություն, 2019 թվականին՝ 32 շինթույլտվություն, 2020 թվականին՝ 57, 2021 թվականին՝ 138, 2022 թվականին՝ 88 շինարարության թույլտվություն, 2023 թվականին՝ 97, 2024 թվականին՝ 84 շինթույլտվություն, 2025 թվականի առաջին եռամսյակում արդեն 32 շինարարության թույլտվություն։
Ինչպես նաև մեզ հայտնեցին, որ Երևան քաղաքում 2017 թվականից մինչ 2025 թվականի օգոստոսի 31-ը հայտնաբերվել են քանդման ենթակա թվով 1998 ապօրինի կառուցված շինություններ։ Այլ տարեթվերի վերաբերյալ նշված փաստի կապակցությամբ հաշվառում չի իրականացվել։
Ինչ վերաբերում է բազմաբնակարան բնակելի շենքերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված իրավախախտումներին (շինարարական հրապարակների ոչ պատշաճ կահավորման վերաբերյալ), ապա տեղեկացրին, որ 2023 թվականի հուլիս ամսից մինչ 2025 թվականի օգոստոսի 31-ը Երևան քաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 2638 իրավախախտում։ Վերջում հավելել էին՝ նշված իրավախախտման վերաբերյալ Երևանի ավագանու որոշումը ընդունվել է 2023 թվականի հունիսի 27-ին։
Էմմա Մարտիրոսյան