Wizz Air-ը հայտարարել է, որ աստիճանաբար կփակի իր բազան Վիեննայում՝ հղում անելով օդանավակայանի ծախսերի և հարկերի աճին, որոնք այլևս չեն համապատասխանում ավիաընկերության գերցածրարժեք մոդելին: Որոշումը կայացվել է ավիափոխադրողի գործունեության և նավատորմի բաշխման ռազմավարական վերանայումից հետո:
Փակումը կիրականացվի երկու փուլով.
- 2025 թվականի հոկտեմբերի 26. երկու Airbus A321neo ինքնաթիռների հետկանչ և դեպի Բիլբաո և Լոնդոնի Գատվիկ չվերթների դադարեցում;
- 2026 թվականի մարտի 15. մնացած երեք ինքնաթիռների և Վիեննայի մյուս բոլոր երթուղիների սպասարկումը կդադարեցվի:
Կասեցման ամսաթվերից հետո չվերթներ ամրագրած տուժող ուղևորների հետ կապ կհաստատվի անմիջապես և կառաջարկվի կամ WIZZ կրեդիտների լրիվ վերադարձ, կամ Wizz Air-ի այլընտրանքային չվերթի վերաամրագրում:
Ու թեև ավիաընկերության պաշտոնական կայքում դեպի Երևան չվերթների մասով որևէ հստակեցում չկա, սակայն ակնհայտ է, որ ՀՀ-ից այստեղ մեկնողների համար այս ուղղությունը ևս կդառնա անհասանելի՝ գոնե Wizz Air-ի միջոցով:
Մարիաննա Արամյան