Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ uպանեցին Փարաքարի վարչական ղեկավարին. մանրամասներ

Blog Image

Երեկ գիշեր իր տան դիմաց սպանվեցին Փարաքարի վարչական ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու իր մանկության ընկեր, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, նրանց երրորդ ընկերը՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, և հիմա էլ վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների խիստ հսկողության ներքո։

Ո՞վ և ինչո՞ւ սպանեց Վալոդյա Գրիգորյանին. վարկածները շատ են՝ ընտանեկան վրեժից մինչև քաղաքական հաշվեհարդար։ Կա նաև այն տարբերակը, որ քաղաքական հաշվեհարդարը փորձ է արվում կոծկել վենդետայի հանգամանքով։

Իսկ ի՞նչ վենդետայի մասին է խոսքը. գանք սկզբից։ Այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում կրակոցներ էին հնչել, սպանվել էր այդ ժամանակ Փարաքարը ղեկավարող Մհեր Ախտոյանի հորաքրոջ տղան՝ Գրիգոր Օհանյանը։ Սակայն, մամուլում գրեթե չգրվեց, որ սրան նախորդել էր հարձակումը Վալոդյա Գրիգորյանի տան վրա, և դրան էր հաջորդել այս սպանությունը։ Ի դեպ, Ախտոյանի հորաքրոջ տղայի սպանության դեպքով մեղադրյալի աթոռին հայտնվեցին նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը և նրա մտերիմ շրջապատի անդամները։

Ըստ այդմ, առաջին վարկածը հենց այն է, որ դասական վենդետա է տեղի ունեցել։ Դրա մասին է խոսում նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը, որում նա դատապարտել է տեղի ունեցածը և հստակ ակնարկել, որ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել. «Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»,- գրել է Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանը դաշտ նետեց այն վարկածը, որը հետագայում կմնա միակ իրատեսականը. մեր երկրում ոչ ոք չի համարձակվի Փաշինյանի առաջ քաշած տարբերակը կասկածի տակ դնել, ինչպես, օրինակ, Ազատի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետևանքով 15 զինվորի մահվան դեպքի ժամանակ, երբ դեպքից ժամեր անց Փաշինյանը մեղքը գցեց կապիտան Եղիշե Հակոբյանի վրա, ու երեք տարի Հակոբյանը փորձում է ապացուցել, որ ինքը միակ մեղավորը չէ։ Ի դեպ, զոհված տղաների հարազատներն էլ են պայքարում, որպեսզի իրական մեղավորը պատժվի, թեև մինչ այս պահը զրկանքներ կրում է միայն Փաշինյանի զոհը՝ Եղիշե Հակոբյանը։ Այս ամենը նշում ենք՝ ցույց տալու համար, որ այս իշխանության օրոք միայն Փաշինյանի վարկածներն են կյանքի կոչվում։

Ինչևէ, մենք երկրորդ տարածվող վարկածին ևս կանդրադառնանք. ըստ դրա՝ սա ՔՊ-ի հաշվեհարդարն է ընդդիմադիր թեկնածուից, որը մարտի 30-ին ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող ուժի նկատմամբ։ Դրանից հետո, լուրեր էին տարածվում, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան է պահանջել այդ ժամանակ սոսնախարար, այսօր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանից, որն իր վրա էր վերցրել Փարաքարում ՔՊ-ին հաղթանակ բերելու բեռը։ 

Այս ամենից ընդամենը մի քանի ամիս անց սպանվեց Վալոդյա Գրիգորյանը, ու երբ տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ սկսեցին հրապարակային հայտարարել, թե Գրիգորյանը սպանվեց, քանի որ ընդդիմադիր է, ՔՊ-ն սկսեց ակտիվորեն պաշտպանվել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբինյանը, տարբեր պատգամավորներ սկսեցին արդարանալ, ասել, որ միայն նախկին իշխանությունների օրոք են քաղաքական սպանություններ եղել։ Թե ինչու են նման ակտիվությամբ պաշտպանվում ու կրկին ամեն ինչ նետում նախկիններ դաշտ, պարզ չէ, հատկապես, եթե իրենց ասածի պես՝ արդար ու ազնիվ են։
Այս վարկածներից որն է ավելի ճիշտ, կա՞ արդյոք երրորդ՝ այս պահին դեռ մութ մնացած հարց, կպարզի քննությունը։

Նարե Գնունի

Send