Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հետ չի մնում իր շեֆից: Այս առավոտը բացվեց Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահների հասցեին ոչ հարիր, ծաղրանքով լի գրառումներով, որոնք վկայում են, որ դրանց հեղինակը ծանր գիշեր է ունեցել ու լույսը չբացված հարձակվել ստեղնաշարի վրա, որպեսզի ծանր մտքերը գրի առնի ու ընծայի հանրությանը: Գուցե այդ շտապողականությունն է պատճառը, որ նա խառնել է նախկին նախագահների անվան ինիցիալները՝ ՍՔ և ՌՍ գրելով, թեև ՔՊ-ականները կասեն, թե միտումնավոր է արել, որ նախագահներին նույնականացնի... էական չէ:
Օրվա մեջ էլ Նիկոլը շարունակեց նույն տոնայնությամբ՝ թիրախային կրակը կենտրոնացնելով միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, որից, թերևս, ամենից շատն է «վառված»: Ի վերջո, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն պատասխանում Փաշինյանին, Լևոն Տեր-Պետրոսյանը դա անում է շատ հասցեական, մանրակրկիտ ու թիրախային: Օրինակ, երեկ նա հստակ հստակ ընդգծեց՝ Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն: Ու իր հայտարարությունն ավարտեց հետևյալով. «Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին»,- գրել է Տեր-Պետրոսյանը, ու գուցե հենց սա է, որ ամբողջ գիշեր տանջել է Փաշինյանին, ով, հակառակը, իր վարդագույն երազներում արդեն տեսնում է, որ իր անունը ոսկե տառերով գրվել է հայ ժողովրդի մեծանուն հայորդիների կողքին:
Եվ ահա, այս ամենի ֆոնին հայտնվում է Անահիտ Ավանեսյանը, որին ՔՊ-ն հստակ ցույց տվեց, որ ինչքան էլ ջանա ծառայություն մատուցել Փաշինյանին, պաշտպանել նրա հակահայ թեզերն ու գաղափարները, միևնույն է՝ ՔՊ վարչության կազմում նա տեղ չունի. ըստ ամենայնի, ՔՊ-ի ներսում հակաավանեսյանական քարոզչությունն ու պայքարը, որի մասին տևական ժամանակ գրվում է, տվեց իր արդյունքը: Բայց դա կապ չունի, նախարարի պաշտոնի համար դեռ պետք է ծառայել ու շարունակել նույն եռանդով, իսկ դա անելու համար ի՞նչ պետք է անել: Ճիշտ է, ծաղրել նախկին նախագահներին, ինչպես դա անում է Փաշինյանը, ու գնալ ավելի հեռուն՝ նրանց, օրինակ, ագռավ անվանել:
Ահա տիկին նախարարի գրառումը՝
«Հայաստանը երբեք պատերազմ չի հրահրել:
Փակուղի տանող բանակցային գործընթացը, անհրաժեշտ առաջնորդության բացակայությունը և չցանկությունը խաղաղություն ունենալու, որ հեշտ լինի տարիներով Հայաստանը կեղեքել և կախված պահել ՝ հանգեցրել են 2020թ. պատերազմին:
Բավ է կռռաք ձեռք բերված խաղաղության վրա, հոգնել ենք:
Որպես այսօր Հայաստանի սահմանը պահող զինվորի մայր եմ ասում բավ է արժեզրկեք ձեռք բերված խաղաղությունը!
Եկեք բանավիճեք կամ կռռալու այլ թեմա գտեք»,- գրել է տիկին նախարարը:
Ոչինչ, Անահիտ Ավանեսյանն էլ կանցնի կգնա, նրա անունը որ հաստատ պատմության ոչ մի էջում չի գրվի...
Լիա Խոջոյան