Սեպտեմբերի 26-ին խորհրդարանական լսումներ են լինելու, որի հիմնական օրակարգում «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» հարցն է։
Լսումներին մասնակցելու են արտախորհրդարանական տարբեր ուժեր, Փաշինյանի իշխանությանն ու վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներ, հանրային ու հասարակական գործիչներ։
Իսկ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մասնակցելո՞ւ է ընդդիմադիր գործընկերոջ հրավիրած լսումներին. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանից։
«Այո, լսումներին մասնակցելու ենք։ Դա ի՞նչ հարց է»,- ասաց Մինասյանը։
Դիտարկմանը, որ Հայկ Մամիջանյանը նաև հայտարարության տեքստի մասին էր խոսել, Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ նման տեքստի դեպքում էլ իրենք կողմ են քվեարկելու։
Մեր հարցին, թե արդյո՞ք կարելի է ենթադրել, որ խորհրդարանական ընդդիմությունն այս հարցում որոշել է միասնականություն ցուցաբերել, և հնարավոր է վարչապետի միասնական թեկնածու լինի, Արծվիկ Մինասյանը պատասխանեց կտրուկ՝ չի կարելի մտնել այդպիսի քարոզչական դաշտ։
Այլ հարցերի «Հայաստան» խմբակցության քարտուղարը չպատասխանեց, ավելի հարմար գտավ հեռախոսն անջատելը։
Նարե Գնունի