Երևանում բավականին շատ երթևեկության փոփոխություններ են կատարվում․ ավելացվում են հանրային տրանսպորտի համար առանձնացված գծեր, ինչն առանց այդ էլ ծանրաբեռնված քաղաքում նոր ու ավելի մեծ խցանումների պատճառ է դարձել։
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, թե ավտոբուսի վարորդները շատ դեպքերում չեն վարում իրենց համար հատուկ առանձնացված գծերով` բարդացնելով առանց այդ էլ խցանումներից ու փոփոխություններից նյարդային վիճակում գտնվող վարորդների կյանքը:
Բացի այդ, վարորդները վարում են ավտոբուսները ոչ պատշաճ, անհիմն արգելակում են, ինչի արդյունքում քաղաքացիները մեկը մյուսի «գիրկն են հայտնվում»։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ վարորդները անցնում են տեսական և գործնական դասընթացներ։
«Մեր խնդիրն այն էր, որ ընդունվող վարորդների համար որոշակի պատրաստություն անցկացնելուց հետո նոր ընդունեինք աշխատանքի, ինչպես քաղաքացին վարորդական իրավունք է ստանում, նույն տրամաբանության էլ ընդունվում են աշխատանքի հանրային տրանսպորտի վարորդները։ Տեսական դասընթացները անցնելուց հետո վարորդները հանձնում են քննություն, իսկ դրանից հետո գործնական քննություն։ Այժմ ցանկացած նոր ընդունվող վարորդ այս գործընթացներն անցնում է, և նոր ընդունվում աշխատանքի։ Բացի դրանից պարբերաբար դասընթացներ ենք անցկացնում վարորդների հետ»,- նշեց Ասատրյանը։
MediaHub-ին նաև ահազանգում են, որ հանրային տրանսպորտը ուշացումներով է կանգառներ հասնում, մարդիկ, լինում է, 40 րոպե սպասում են իրենց ավտոբուսներին. ուշացումների մասով Ասատրյանը նշեց․ «Գոյություն ունի քաղաքապետի որոշում՝ աշխատանքային օրերին ու ոչ աշխատանքային օրերին ի՞նչ շարժակազմ պիտի դուրս գա երթուղի։ Այս պահին գրեթե 100%-ով ապահովում ենք ավտոբուսների երթուղի դուրս գալը»։
Մարիաննա Արամյան
