Երեկ կառավարության նիստից հետո անակնկալ կերպով ճեպազրույցի իջած Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բառերի կույտ շաղ տալով՝ ճգնում էր ամեն կերպ համոզել մեզ, որ Ադրբեջանին տրվող ճանապարհը, որի անունը դրել են «Թրամփի ուղի», իրականում միջանցք չէ՝ բառի ամենաուղիղ իմաստով։
MediaHub-ը նրան ուղիղ հարց տվեց՝ ադրբեջանցիները, երբ անցնեն այն ճանապարհով, որը ինքը միջանցք չի անվանում, Հայաստանի սահմանապահները ստուգելո՞ւ են նրանց անձնագրերը, ինչպես նաև հայ մաքսավորը ստուգելո՞ւ է, արդյոք, ադրբեջանական բեռները։
Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, իրեն բնորոշ ձևով սկսեց «կռուտիտ» անել, որ բառակույտերի ու ճամարտակության ներքո թաքցնի իրականությունն ու չխոստովանի, որ այն, ինչ ինքը խոստացել ու տվել է Ալիևին, ոչ այլ ինչ է, քան միջանցք՝ Ադրբեջան-Նախիջևան կապն անխոչընդոտ ապահովելու համար։
Ահա նրա ոլորապտույտ պատասխանից մի հատված․ «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են էն հինգ սկզբունքները, որոնց հիման գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն։ Իմիջիայլոց, աշխարհի հազմաթիվ զարգացած երկրներում մաքսային և սահմանային հսկողության էն ձևերը, որոնք մեզ ծանոթ են նախորդ տասնամյակներից, իրենք արդեն գոյությոյն չունեն։ Մասնավորապես, կենսաչափական անձնագրերի կիրառման պարագայում գործում են բոլորովին նոր ընթացակարգեր։ Նաև թվային տեխնոլոգիաների զարգացման տրամաբանությամբ գործում են բոլորովին այլ ընթացակարգեր։ Եվ, էլի եմ ասում, որ էն ձևերը, որ պետք ա մարդկանց ձեռք տալ, շոշափել և այլն, էդ ձևերը արդեն բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանի բոլոր սահմաններում 5, 10, 15 տարի հետո չեն լինելու, և մենք գնալու ենք պարզեցումների։ Բայց ուզում եմ ասել, որ մենք պարզեցումների գնալու ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված»։
Ի՞նչ հասկացանք մենք այս պատասխանից․ հասկացանք, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածքով անցնելու և Նախիջևան գնալու են լրիվ ուրիշ «հսկողությամբ», որը մեր այս պահին մաքսային և սահմանային հսկողությունը չէ, ինչպես, օրինակ, գործում է հայ-վրացական անցակետերում, երբ սահմանապահը ստուգում է մեր անձնագրերը, մաքսավորը՝ մեր բեռները, ու նոր բաց թողնում։ Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանցիները Հայաստանով անցնելու են պարզեցված եղանակով, ինչը նա դարձյալ խոստովանեց, երբ կրկնեցինք մեր հարցը՝ ի վերջո ստուգելո՞ւ են հայ սահմանապահներն ու մաքսավորները ադրբեջանցիներին, թե՞ ոչ։
«Տեսեք, էն, ինչ ենթադրվում ա էս հինգ տերմինից, ամեն ինչ պետք ա լինի, իսկ էս հինգ տերմինից ենթադրվում ա ամեն ինչ, այլ հարց է դրա ձևը։ Ես՝ ինքս, կենսաչափական անձնագիր չունեմ, ցավոք սրտի, բայց նրանք, ովքեր կենսաչափական անձնագրերով ճամփորդում են, նրանք գիտեն, շատ երկրներում այլևս ընդամենը կենսաչափական անձնագիրը մոտեցնում են համապատասխան տեղում, ինքնաշխատ եղանակով ստուգումը և անձնագրային հսկողությունը տեղի է ունենում, և մարդիկ շարունակում են իրենց ճանապարհը։ Ես կարող եմ մի բան ասել վստահաբար, որ մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է հինգ սկզբունքների շրջանակում՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն»։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նորից չհերքեց, որ ադրբեջանցիները անխոչընդոտ անցնելու են Հայաստանի տարածքով և չեն ստուգվելու այնպես, ինչպես ստուգվում են հայ-իրանական կամ հայ-վրացական սահմանով անցնողները։ Սա նշանակում է՝ ադրբեջանցիների համար լրիվ այլ՝ արտոնյալ պայմաններ են գործելու ՀՀ սուվերեն տարածքով անցնելու համար, ինչը ոչ այլ ինչ է, քան միջանցք՝ բառի բուն իմաստով։ Եվ, ի վերջո, Փաշինյանի ասած այդ անխոչընդոտ անցումն ու իր թվարակած այդ հինգ սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն և այլն, իրար հակոտնյա են ու հակասող․ չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքով այլ երկրի քաղաքացին անխոչընդոտ անցնի գնա ուր ուզում է, դրա համար նա պետք է նախ սահմանային, ապա նաև մաքսային ստուգում անցնի։ Կարճ ասած՝ Հայաստանը դառնալու է «պռախադնոյ դվոռ» ադրբեջանցիների համար, բայց Փաշինյանն իր բառակույտով ու մանիպուլյացիաներով փորձում է այնպես լղոզել, որ մարդիկ հավատան, թե դա այդպես չէ։
Վահե Մակարյան