Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Քաղաքականություն

«Կրիպտովալյուտչիկը». ի՞նչ է հայտարարագրել ոչնչով աչքի չընկնող ՀՀ նախագահի օգնականը

Blog Image

Վերջին օրերին մարզեր կատարած իր այցերով փոքր-ինչ ակտիվացած, բայց նշանակման օրվանից ոչ մի էական գործով աչքի չընկնող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պարզվում է, ունի երեք օգնական: Իհարկե, այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ է անում օգնականներ մի պաշտոնյա, ով պարապությունից բացի ոչնչով աչքի չի ընկնում, բայց դա մի կողմ:

Ուշագրավն այն է, որ այսպես կոչված նախագահի երեք նախագահն էլ այնքան անդեմ են, որ անգամ իրենց պաշտոնական կայքում նրանց լուսանկարները զետեղված չեն և որևէ տեղեկատվություն նրանց մասին չկա: Բայց մենք սիրում ենք երբեմն նման կորած դեմքերի հիշել ու ուսումնասիրել իրենց ունեցվածքը:

Օրինակ, Վահագն Խաչատուրյանի օգնական Արման Աբրահամյանի ներկայացրած հայտարարագրից կարելի է ենթադրել, որ թեև հանրօգուտ որևէ բան նա չի արել, բայց պաշտոնը զբաղեցնելուց հետո ֆինանսական բարգավաճում է ապրել։ Նշենք, որ նա պաշտոնը ստանձնել է 2022 թվականի սեպտեմբերին:

Այս մասին են խոսում հայտարագրված 4 անշարժ գույքերը, որոնցից 3-ը ձեռք են բերվել 2024-ին՝ 2 հողամասն ու 1 բնակարանը գնման եղանակով, ինչպես նաև մեկ բնակարան ձեռք է բերվել նվիրատվության եղանակով՝ 2021 թվականին։

2023-ին Աբրահամյանը, կրկին գնման եղանակով, ձեռք է բերել 2018 թվականի արտադրության JEEP մակնիշի ավտոմեքենա։

Նրա բանկային ավանդների թիվը հաշվետու տարվա սկզբին և տարեվերջին չի փոփոխվել՝ 9 հազար դոլար։

Արման Աբրահամյանի բանկային հաշիվների մնացորդներից մեկը 2024-ի սկզբին կազմել է 100 եվրո, որը տարեվերջին զրոյացվել է, մյուսը՝ 1000 ռուբլի, որը ևս զրոյացվել է։ Նրա հայտարարագրած 1000 դոլարը հաշվետու տարվա վերջում դարձել է 9,000 դոլար, իսկ 122 հազար դրամը կրկնապատկվել է՝ կազմելով 280 հազար դրամ։

ՀՀ նախագահի օգնականը հայտարարգրել է նաև կրիպտոարժույթ՝ ընդհանուր 80 000 դրամ։ 

Ինչ վերաբերում է նրա կանխիկ գումարին, ապա 1 000 եվրոն տարվա վերջում զրոյացվել է, 7 000 դոլարը դարձել է 1 000 դոլար, 100 հազար դրամը՝ 50 հազար դրամ։

ՀՀ նախագահի օգնական Արման Աբրահամյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է  15 մլն 920 հազար դրամ, որից 11 մլն 920 հազար դրամը աշխատանքի վարձատվության գումարն է։

Աբրահամյանի ստացված վարկերի մայր գումարը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել է 38 մլն 601 հազար դրամ։

Էմմա Մարտիրոսյան

Send