Կալանավորվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ևս 5 անձ ձերբակալվել է։ Այդ մասին MediaHub-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ի պատասխան հայտնում ենք, որ հիվանդության սիմուլիացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- մեզ հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով /քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել/ հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:
