2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում բավականին լուրջ աժիոտաժ է. քաղաքական նոր ուժեր են ձևավորվում, որոշներն էլ ուղղակի վերադասավորվում են։ Այս ամենի ֆոնին, որքան էլ զարմանալի է, դեռևս չի գրանցվում ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ստեղծած քաղաքական ուժը՝ ՄԱՍԿ։
«Դե հստակ մեր դեմ քայլ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիրներից Հակոբ Ասլանյանը։ Նա նշեց՝ անընդհատ ինչ-որ անիմաստ հիմնավորումներով հետաձգում են կուսակցության գրանցումը, սակայն ինքը հույս ունի, որ հոկտեմբերի կեսին իրենք արդեն գրանցված կլինեն ու կկարողանան մասնակցել ընտրություններին։
«Հազարավոր քաղաքացիներ մեզ են նայում, մեզ են սպասում, ինչպե՞ս կարող ենք ընտրություններին չմասնակցել։ Մենք մեր ընտրողներն ունենք, մեզ հավատացողները, ու բնական է, ուզում ենք մասնակցել»,- նկատեց Ասլանյանը։
Նրա խոսքով՝ իրենք շանսեր ունեն, քանի որ տեսնում են քաղաքացիների աջակցությունը, իսկ ահա Փաշինյանը միանձնյա իշխանություն ստանալու շանս չունի։
«Եթե մեկ միլիոն մարդ մասնակցի ընտրություններին, ապա Փաշինյանը 30-35% ձայն կարող է ստանալ։ Դրանից ավելի չի կարող»,- նշեց Ասլանյանը։
Նա նկատեց՝ ինքն ու Հովիկ Աղազարյանը ՔՊ վարչության ընտրություններից առաջ էլ հրապարակել էին, թե ինչ ընտրություն է կատարվելու, և 85% ճշգրտությամբ տվել էին պատկերը։
«Հիմա էլ ասում ենք, որ Փաշինյանը 35%-ից ավելի ձայն չի ունենա»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է ՔՊ վարչության կազմին ու իրենց կանխատեսումներին, ապա Ասլանյանն ասաց՝ պարզ է, որ Փաշինյանի միանձնյա ընտրության արդյունքն է արտացոլվել, ու ինքն այնքան կանխատեսելի է, որ կողքից նայող մարդիկ էլ են հստակ ասում՝ ովքեր կլինեն այդ վարչությունում։
Նարե Գնունի