Բաքվում պահվող հայ գերիների ու ռազմագերիների ճակատագիրը որոշում է Ադրբեջանի դատական համակարգի կողմից։ Օրեր առաջ հայտարարվեց Արցախի նախկին ղեկավարների կալանքների մասին, որի արդյունքներն այնքան էլ զարմանալի չեն, քանի որ հայկական իշխանությունը, իր պնդումներին հակառակ, միևնույն է, շարունակում է անգործություն դրսևորել։
MediaHub-ի հետ զրույցում Բաքվում պահվողներից մեկի դուստրը, պայմանով, որ չի հրապարակվի իր հայրիկի անունը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ անունը հրապարակելուց հետո հնարավոր է բռնաճնշում գործադրեն նրա վրա), նշեց, որ ամեն չորեքշաբթի կարողանում են զրուցել իրար հետ։
«Արդեն երկու տարի է՝ ամեն չորեքշաբթի զրուցում ենք իրար հետ։ Ասում են, որ լավ են, անկաշկանդ են, սնունդն ու վերաբերմունքն էլ վատը չէ։ Ուղղակի դատավարության նախնական արդյունքները, երբ դատախազը առաջարկել է մի մասին ցմահ, մյուսներին՝ մինչև ցմահ ազատազրկում, ինձ համար անսպասելի էին»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրանք ի սկզբանե այլ ակնկալիքներ են ունեցել, հավատով սպասել, որ կարդարացվեն ու կվերադարձվեն հայրենիք։
Հայաստանում «Խաղաղության» պայմանագրի կնքման մասին խոսակցությունների ֆոնին գերիների հարազատները թևաթափ են եղել և այլևս ոչ մի դրական ակնկալիք չունեն։
«Ես չգիտեմ՝ հեռախոսից այն կողմը ինչ է կատարվում։ Հա, մեզ հետ խոսելուց ասում են, որ «ամեն ինչ լավ է, մի մտածեք», բայց հո մենք գիտենք, որ չի կարող լավ լինել»,– հավելեց ռազմագերու դուստրը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց, որ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը մոտենում է ավարտին։ Դատախազը պահանջել է Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին և Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկում, իսկ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին՝ 20 տարի ազատազրկում։
Գարիկ Մարտիրոսյանին՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյանին՝ 18 տարի, Լևոն Բալայանին՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյանին՝ 16 տարի, Գուրգեն Ստեփանյանին՝ 16 տարի, Էրիկ Ղազարյանին՝ 16 տարի։
Էմմա Մարտիրոսյան
