Առաջին հայացքից թվում է, թե ՀՀ–ում խաղաղություն է` լսելով ներկայիս իշխանությանը, սակայն սրան զուգահեռ, ՀՀ-ում անվտանգության ու խաղաղության մասին այլ պատկերացում ունեն սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչները։
MediaHub–ի հետ զրույցում Խոզնավարի բնակիչը հաստատեց այն փաստը, որ վերջին ամիսներին կրակոցներ չեն եղել, առնվազն ինքը չի լսել դրանց մասին, սակայն վստահ չէ, որ այդ «խաղաղությունը» երկար է տևելու։
«Հա, վերջերս կրակոցներ չկան, բայց ես հույս չունեմ, որ երկար ա էսպես շարունակվելու։ Ախր ոնց կարող է խաղաղ լինի, երբ Ադրբեջանը հայտարարում ա, որ հայկական տարածքները իրենն են, անդադար զինվում ա, տեխնիկա ա բերում, լցնում։ Գարունը ամբողջ հատվածներով տեխնիկա բերեց ու տեղակայեց։ Հիմա հեռախոսով շատ բան չեմ կարա ասեմ, բայց հո մենք ենք տեսնում էդ ամենը»,— ասաց մեր զրուցակիցը։
Տեղի բնակիչները չունեն դրական ակնկալիքներ ներկա իրավիճակում։ Ընդհակառակը՝ նրանք ապրում են վախի մթնոլորտում՝ սպասելով, որ ցանկացած պահի հակառակորդը կարող է հարձակվել իրենց գյուղերի ու տների վրա։
Այս ֆոնին սահմանամերձ համայնքներում մարդկանց առօրյան շարունակում է մնալ անվստահության ու սթրեսի մեջ։ Չնայած պաշտոնական հայտարարություններին՝ բնակիչները համոզված են, որ իրական անվտանգությունը միայն խոսքերով չի ապահովում։ Մինչ իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության հեռանկարից, սահմանամերձ բնակիչների պահանջը մնում է նույնը՝ տեսանելի, իրական ու երկարաժամկետ անվտանգություն իրենց ընտանիքների ու բնակավայրերի համար։
Էմմա Մարտիրոսյան
