Օգոստոսի 25-ին MediaHub-ը գրել էր, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատրաստվում է աշխատանքից ազատել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի՝ ԱԱԾ մեկուսարանի պետ Ռուբեն Խալապյանին։ Պատճառն էլ այն է, որ Խալապյանը ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ պահվող Սամվել Կարապետյանին «լավ է նայել»։ Այսօր արդեն հաստատվեց մեր տեղեկությունը. Խալապյանն ազատվել է աշխատանքից։
Նշենք, որ նախքան աշխատանքից հեռացնելը նախ արձակուրդ էին տրամադրել ԱԱԾ մեկուսարանի արդեն նախկին պետին, որից հետո էլ արդեն ազատել են աշխատանքից։
Սակայն, մեր տեղեկություններով՝ վերջինիս անաշխատանք չեն թողել. մոտ երկու շաբաթ առաջ Խալապյանին նշանակել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ, իսկ դրա ղեկավար Ռոբերտ Թամարյանին էլ նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում։
Արդարադատության նախարարության պաշտոնական էջում նշված է, որ ՀՀ արդարադատության նախարարի 2025թ․ հոկտեմբերի 15-ի հրամանով Ռուբեն Խալապյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։
Նշենք, որ ըստ էության, նա վերադարձել է իր նախկին գործին։ Բանն այն է, որ 2023 թվականի փետրվարի 24-ից մինչև 2024 թվականի փետրվարի 7-ը նա զբաղեցրել է հենց այս պաշտոնը։ Որից հետո մինչև 2025-ի հոկտեմբերի 15-ը եղել է ԱԱԾ մեկուսարանի պետը։
Նարե Գնունի
