Պայքար է սկսվել՝ Արցախի «վտարանդի» կառավարությանը «տիրանալու» համար

Պայքար է սկսվել՝ Արցախի «վտարանդի» կառավարությանը «տիրանալու» համար

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ մարտի պարագաներում պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը և առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու մարտական տեխնիկան հակառակորդին հանձնելը։ Սամվել Բաբայանը հորդորել էր իրավապահներին քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։

Իհարկե, Սամվել Բաբայանի դիմումը լեգիտիմ է՝ գոնե այն իմաստով, որ պետք է իրավական քննության ենթարկվի Արցախը լուծարելու մասին Շահրամանյանի հրամանագիրը: Մյուս կողմից, արդյո՞ք Արցախի վերջին նախագահն է «հանձնել» Լեռնային Ղարաբաղը:
Իհարկե՝ ոչ:

Արցախի ոչնչացման քաղաքական արդյունքն, առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանք է: Նախ այն պատճառով, որ հակամարտության կողմ էր ոչ թե պաշտոնական Ստեփանակերտը, այլ Երևանը:
Եվ ահա՝ այդ հակամարտության կողմը, Նիկոլ Փաշինյանի դեմքով, անցած տարվա հոկտեմբերի 6-ին վերջ տվեց հակամարտությանը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Դրանից հետո տեղի ունեցան Արցախի բլոկադան, տոտալ շրջափակումը ու տեխնիկայի հարց էր՝ երբ Ալիևը, այսպես ասած, «սահմանադրական կարգը կվերականգներ ԼՂ-ում»՝ դա համարելով իր «ներքին հարց»:
Դա տեղի էր ունենալու՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանությունն Արցախում:

Ըստ այդմ, Բաբայանի բողոքը հիմնավոր ու ամբողջական կլիներ, եթե «Լեռնային Ղարաբաղը հանձնելու» Բաբայանի դիմումի առաջին կետը վերաբերեր Փաշինյանի քայլերի քննությանը:

Այնպիսի տպավորություն է, որ Բաբայանի նպատակն ոչ այնքան իրավական հարթության վրա ճշմարտության բացահայտումն է, որքան հիմքեր ստեղծելը, որոնց միջոցով նա կկարողանա վերահսկել Արցախի, այսպես ասած, վտարանդի կառավարությունը: Այլ խոսքով, Արցախի իշխանության համար պայքարը շարունակվում է Երևանում, եթե նույնիսկ ԼՂ չկա:

Վահրամ Բագրատյան