Սահակաշվիլիի վտանգավոր ակնարկը

Սահակաշվիլիի վտանգավոր ակնարկը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասվում է․ «...Դուք պետք է շտապեք և մի կողմ թողնեք ցանկացած տատանում, գնացեք Վա-բանկ: Պետք է շտապել. հեռացնել ռուսական ռազմաբազան, լքել ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ: 2013-ին մենք եկանք Երևան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյի հետ՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող այս կազմակերպություններից մի քանիսին։ Եվ վերջապես, դուք պետք է բացահայտորեն հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար»։

Խորհրդանշական է, որ Սահակաշվիլիի ուղերձը հայտնվում է Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթից մի քանի ժամ անց ու, կարծես, կնքում է այն:
Գնացեք Վա-բանկ. ահա՝ Սահակաշվիլիի հիմնական ուղերձը Նիկոլ Փաշինյանին: Սա պետական քաղաքականությունը ղումարբազի հոգեբանությամբ փոխարինելու մեսիջ է, որի վերջում պետությունից, որպես կանոն, մնում են փլատակներ: Սահակաշվիլին, թերևս, չգիտի, որ Հայաստանը հինգ տարի արդեն ապրում է այդ ռեժիմով:

Սահակաշվիլին Փաշինյանին, ըստ էության, առաջարկում է կրկնել իր հակասական ու ողբերգական ընթացքը՝ կարծես չարագուշակ կանխատեսելով, թե որն է Փաշինյանի վերջին հանգրվանը:

Վահրամ Բագրատյան