«Միամիտ լոռեցի» Սուրեն Պապիկյանի երազանքները

«Միամիտ լոռեցի» Սուրեն Պապիկյանի երազանքները

Մեր երազանքների բանակը սարերի հետևում չէ: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հայոց բանակի հետ շատ քիչ առնչություն ունեցած, զրո ռազմական փորձով և գիտելիքներով, պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը խոսում է հզոր բանակ ունենալու մասին: 

Հայոց բանակը կազմաքանդվում է ՔՊ-ականների կողմից 2018թ.-ից սկսած: 2020թ.-ի պատերազմի արդյունքները ՔՊ-ի քաղաքական պատասխանատվության տիրույթում են: Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, գնում է միլիարդավոր դոլարների զենքեր, իսկ հայոց բանակի զինվորներն առաջնագծում քնում են վրաններում: Ադրբեջանական բանակը կրակում է հայ դիրքապահների ուղղությամբ, նրանց  ստիպում են լքել խրամատները, հայ ռազմագերիները դեռ Բաքվում են, իսկ Սուրեն Պապիկյանը «միամիտ լոռեցու» դեմքով ցանկանում է ՀՀ հպարտ, բայց խաբված քաղաքացիներին ապացուցել, որ իրենք թիմն աշխատում է:

Բանակը կրճատվում է, հազարավոր սպաներ արտագաղթում են՝ սոցիալական և այլ խնդիրներից ելնելով, իսկ Պապիկյանը հավանաբար այսօրվա հայկական բանակը շփոթել է իսրայելական բանակի հետ: ՔՊ-ի օրոք բոլոր ինստիտուտները ավերակների են վերածվել՝ կադրային աղետալի քաղաքականության արդյունքում, երբ պատերազմող երկրում մի քանի ամիսը մեկ ԳՇ պետ էր փոխվում:

Վահրամ Բագրատյան