ՔՊ-ի քարոզած «խաղաղության դարաշրջանը» ֆեյք է

ՔՊ-ի քարոզած «խաղաղության դարաշրջանը» ֆեյք է

Բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

ՔՊ-ականները, ովքեր քարոզում էին խաղաղության դարաշրջան և ՀՀ հպարտ, բայց 2018թ.-ից խաբված քաղաքացիներին խոստանում էին հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բաց սահմաններ՝ այժմ սկսել են կասկածել, թե այդ խաղաղությունը մի օր գալու է: Ադրբեջանի համար Հայաստանի հետ խաղաղությունն՝ Արցախի վերջնական հանձնումն է Բաքվին, Սյունիքով միջանցքի տրամադրումն է ու ապագայում Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական կլանումը:

ՔՊ-ի համար, իհարկե, Հայաստանի ու Արցախի ապագան հետաքրքիր չեն. նրանք ունեն ֆինանսական մեծ կարողություններ, որը կուտակել են 2018թ.-ից «թավշյա» մեթոդներով և ապագայում իրենց ընտանիքներով բնակվելու են ոչ թե Սյունիքում կամ Ստեփանակերտում, այլ Արևմուտքում կամ սպիտակ ավազով որևէ կղզում:

2018թ.-ից ի վեր ՔՊ-ականները կազմաքանդել են բոլոր պետական ինստիտուտները՝ բանակը, տնտեսությունը, Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ են իրականացրել իրենց «սատելիտներով», վատթարացրել են հայ-ռուսական դաշնակցային կապերը, Հայաստան-Արցախ և Հայաստան-Սփյուռք կապերն ու նրանց իշխանության կուլմինացիան 44-օրյա պատերազմի խայտառակ արդյունքներն էին:

Փաշինյանն ու թիմը փորձեցին հայ հասարակությանն ապացուցել, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվելով, իսկ այսօր ՔՊ-ական ԱԳ նախարար Միրզոյանը նշում է, որ Բաքուն կարող է խաթարել խաղաղության գործընթացն ու ռազմական ուժով էթնիկ զտումներ իրականացնել: Այսինքն, ՔՊ-ականների քարոզած խաղաղության դարաշրջանը նույնպես ֆեյք էր, ինչպես նրանց քաղաքական բոլոր խոստումները սկսած 2018թ.-ից:

Վահրամ Բագրատյան