Նազելի Բաղդասարյանը` ոստիկանապե՞տ

Նազելի Բաղդասարյանը` ոստիկանապե՞տ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն է, ում փաստացի ապօրինի հրահանգով երեկ Գյումրիում խոշտանգվել է Հայաստանի քաղաքացի՝ սեփական դիրքորոշումն ու տեսակետն ունենալու համար։

Ի՞նչ է տեղի ունեցել

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավաբան Կարապետ Պողոսյանը երեկ ոստիկանության Մուշի բաժանմունք է բերման ենթարկվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին «Ծանր վիրավորանք» հասցնելու կասկածանքով։ «Ձեռքիս վրա կա փակ կոտրվածք, ինձ բերման են ենթարկել Նազելի Բաղդասարյանի ցուցումով՝ կասկածելով ծանր վիրավորանք հասցնելու մեջ։ Բերման ենթարկելիս ոստիկանները տարել են շատ հանգիստ, ես իրենց բոլոր օրինական պահանջները կատարել եմ, իրենց մեքենան նստել եմ և այլն, բայց այնտեղ հասնելուց հետո ինձ ասել են, որ պետք է ձեռքերս ոլորեն, նկարեն։ Այնտեղ մեկն ինձ նկարում էր (իրենց պատկերացմամբ ինձ փորձել են ստորացնել, իհարկե յուրաքանչյուրը պատասխան է տալու այդ արարքի համար)՝ այդ պահը Նազելիին ուղարկելու համար, այսինքն՝ իմ նկատմամբ ոչ իրավաչափ բռնությունը, որի հիմքերը բացարձակ չունեին», - կայքերին պատմել է գյումրեցի ակտիվիստը։

Սա հերթական դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացին հետապնդվում է «Ծանր վիրավորանքի» տխրահռչակ հոդվածով, որը հետևողականորեն քննադատվում է քաղաքացիական հասարակության, միջազգային հանրության կողմից, բայց շարունակում է գործել՝ ծառայելով Փաշինյանի ավտորիտար նկրտումներին։

Մարզպետը յուրացրել է ոստիկանապետի լիազորությունները

Սակայն այս պատմության մեջ երկու ուշագրավ հանգամանքներ կան, որոնք անտեսել չի կարելի։

Առաջինն այն է, որ քաղաքացին փաստորեն կատարել է ոստիկանության օրինական ցուցումները, բայց վերջիններիս հրահանգված է եղել՝ կազմակերպել «մասկի շոու» օպերացիան, ինչի հետևանքով՝ Կարապետ Պողոսյանը խոշտանգվել է, նրա ձեռքը կոտրվել է։

Սակայն ավելի զարհուրելին այն է, որ «մասկի շոուն» տեղի է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ցուցումով, որը փաստորեն յուրացրել է հանրապետության ոստիկանապետի լիազորությունները՝ կատարելով ծանր հանցագործություն։

Վահրամ Բագրատյան