Փաշինյանի «պատանդը»

Փաշինյանի «պատանդը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, որն այս «պատվին» արժանացել է՝ իր հերթական անհեթեթ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանի ու նրա կաբինետի անգործությունն արդարացնելու համար։

«Մտքի տիտանը»

«Մեծ քանակությամբ ապրանքներ գնող մարդիկ պետք է մտածեն, եթե ապրանքների պակաս կա, ինքը պետք  է ուտի՞, կողքինը՝ չուտի՞, նման վարքագիծը վիճակն ավելի է վատացնում»,- երեկ ասել է Քերոբյանը։
Ուշադրություն դարձրեք՝ Քերոբյանը ոչ թե հերքում է պարենային անվտանգության հնարավոր ճգնաժամը, այլ ընդամենը քննադատում է մեր որոշ քաղաքացիների վարքագիծը։ Ծաղրածուի համբավ ունեցող այս նախարարը փաստորեն՝ տնտեսության և նրա բազմաթիվ խնդիրներ լուծելու փոխարեն, զբաղված է հասարակության վարքագծային կանոնների ուսումնասիրությամբ, խրատաբանությամբ։
Իհարկե, Քերոբյանի մյուս հայտարարությամբ արդեն պետք է զբաղվեն հոգեբուժական մասնագիտական որակավորում ունեցող մարդիկ։ «Պահանջարկի և առաջարկի զեղումն է, պահանջարկը կտրուկ բարձրացել է, այնպես չէ, որ մարդիկ շատացել են կամ շատ հաց են ուտում, դրա համար գնային ճշգրտումներ են պետք, միգուցե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»,- ասել է նա:
Եթե հետևենք էկոնոմիկայի տխրահռչակ նախարարի խոսքերի տրամաբանությանը, ապա տնտեսվարողները գին են բարձրացնում՝ ոչ թե գերշահույթներ ստանալու նպատակով կամ կառավարության անգործության հետևանքով, այլ բացառապես ժողովրդի մասին հոգ տանելով։

Թե ինչպես Քերոբյանը «պատանդ» դարձավ

Աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները նշաձող են սահմանում ու դրան չհասնելու պարագայում՝ հրաժարական են տալիս։
Վահան Քերոբյանն անցած տարի ասել էր՝ եթե երկնիշ տնտեսական աճ չարձանագրվի, ինքը հրաժարական կտա։
Երկնիշ տնտեսական աճ չարձանագրվեց, բայց Քերոբյանը հրաժարական չտվեց․․․  Պարզվեց՝ Փաշինյանն է արգելել։
Վահան Քերոբյանը փաստորեն գտնվում է Փաշինյանի «պատանդի» կարգավիճակում։ «Մեծահոգություն» դրսևորենք՝ պատանդների խոսքերին այդպես են վերաբերում։

Վահրամ Բագրատյան