Տիգրան Արզաքանցյանը՝ «հավերժ» Փաշինյանի կողքին

Տիգրան Արզաքանցյանը՝ «հավերժ» Փաշինյանի կողքին

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Տիգրան Արզաքանցյանն է։ Վերջինս, իհարկե, որևէ հրապարակային հայտարարություն չի արել, բայց նույնիսկ երեկվա դատավարության ֆոնին՝ ձգտում է դիրքավորվել Փաշինյանի կողքին։

«Զղջացող» Արզաքանցյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 2021թ. ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանին մեղավոր է ճանաչել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար և նշանակել 350.000 դրամ տուգանք: Ըստ մեղադրանքի` նա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։ Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել և ներկայացրել է ԿԸՀ։


«Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- երեկ ասել է Տիգրան Արզաքանցյանը։
Արզաքանցյանը քաղաքական գործընթացին մասնակցելու համար է տեղեկանք կեղծել, փաստորեն ընդունել է իր մեղքը, բայց ամեն գնով շարունակում է մնալ հրապարակային հարթակում։ Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Արզաքանցյանը մի քանի ամսում երկու կուսակցություն փոխեց, հիմա էլ պատրաստվում է սեփական քաղաքական ուժը ստեղծել՝ միայն մի նպատակով, որպեսզի ամիսը երկու անգամ հնարավորություն ունենա մասնակցել հայտնի «հաճախորդների» ու վարչապետի հանդիպմանը ու լուսանկարվել Փաշինյանի հետ։
Փաշինյանն էլ գիտի Արզաքանցյանի օրինազանցության մասին, բայց, օրինակ, վերջին անգամ գործարար- քաղաքական գործիչը հրավիրված էր կուսակցությունների ղեկավարների հետ վարչապետի խորհրդակցությանը՝ չնայած այն հանգամանքին, որ նախկին դեմոկրատն ու ալյանսականը դեռ չի հասցրել անցկացնել նույնիսկ իր «սեփական» կուսակցության հիմնադիր համագումարը։
Արզաքանցյանը սովորական «հաճախորդ» է, Փաշինյանի հույս էլ մնացել է արտախորհրդարանական այս 9-10 մարդ-կուսակցությունների վրա՝ էլեկտորալ ռեսուրսի տեսանելի անկման համատեքստում։

«Հաճախորդները»

Նիկոլ Փաշինյանի հետ ամիսը երկու անգամ «խորհրդակցող» կուսակցությունների ղեկավարները պոտենցիալ Էդմոն Մարուքյան են ու սպասում են Նիկոլ Փաշինյանի «հատուկ հանձնարարություններին»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ «հատուկ հանձնարարություն» կստանա Տիգրան Արզաքանցյանը․․․

Վահրամ Բագրատյան