Արսեն Թորոսյանը նետվում է «մարտի»

Արսեն Թորոսյանը նետվում է «մարտի»
Արսեն Թորոսյանը նետվում է «մարտի»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն է։ Առիթը՝ Թորոսյանի չարդարացված հավակնություններն են, որի միակ շարժառիթը Փաշինյանի «պոլիտբյուրո» վերադառնալն ու փաստացի վարչապետին նոր «ծառայություններ» մատուցելն է։

Թորոսյանի «լոբբինգը»

Կառավարության կազմում առաջիկայում հնարավոր են կադրային փոփոխություններ։ Վահագն Խաչատրյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո թափուր նախարարական պորտֆել կա՝ բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։
Մամուլի տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակվելու անհագ ցանկություն է դրսևորել առողջապահության նախկին նախարար, ներկայում ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով առաջ է մղում իր թեկնածությունը։
Թորոսյանն այնքան անզուսպ է դրսևորում իր հավակնությունները, լոբբինգի այնպիսի մեծ աշխարհագրություն է իրականացնում, որ նրա ցանկությունների մասին հայտնի է դարձել ոչ միայն իշխանության միջանցքներում այլ նաև ընդդիմադիր շրջանակներում, լրատվական ու փորձագիտական շրջանակներում։
Արսեն Թորոսյանը՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, ըստ էության՝ դուրս է մնացել Փաշինյանի նեղ շրջապատից, չի մասնակցում լուրջ քննարկումներին ու որոշումների ընդունմանը ու հայտնվել է «կոճակ սեղմողի» կարգավիճակում։ Մի կարգավիճակ, որն անպատվաբեր է մեծ հավակնություններ ունեցող Թորոսյանի համար։

Մերժված նախարարը

Արսեն Թորոսյանը Փաշինյանի շրջապատի այն ներկայացուցիչներից է, որը կատարելապես ձախողվել  ու վարկաբեկվել էր դեռ մինչև պատերազմը։ Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած ու բազմաթիվ մարդկանց մահերի պատճառ դարձած այս լուզեր պաշտոնյայի հրաժարականի պահանջը ամենապոպուլյարներից մեկն էր նախապատերազմյան Հայաստանում։
Պատահական չէ, որ Նոյեմբերի 9-ից հետո, երբ հասարակությունը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինս դժգոհությունները պարպելու նպատակով՝ պաշտոնանկ արեց Արսեն Թորոսյանին։ Իհարկե, նրան անգործ չթողեցին․ սկզբում դարձավ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հետո՝ պատգամավոր։
Հիմա մասնագիտությամբ բժիշկը ձգտում է դառնալ ԲՏԱ նախարար ու չգիտես՝ ի՞նչ մասնագիտական որակների կամ հատկանիշների համար։

Վահրամ Բագրատյան