«Հայրական ապտակը» տեղ հասավ․ Մարուքյանի «վերադարձը»

«Հայրական ապտակը» տեղ հասավ․ Մարուքյանի «վերադարձը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 


«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ Առիթը՝ Մարուքյանի նշանակումն է, որով մի կողմից, անգնահատելի ծառայություն մատուցվեց Փաշինյանին, մյուս կողմից՝ հերթական անգամ վարկաբեկվեց ընդդիմության ինստիտուտը։

Մարուքյանը հասավ իր «մուրազին»

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- իր էջում գրել է Մարուքյանը։
Կադրային այս որոշումը բացարձակապես զարմանալի չէր, որովհետև ԱԺ ընտրություններից հետո Մարուքյանը տենչացել է զբաղեցնել ցանկացած ազատվող պաշտոն։ ՄԻՊ դառնալու նրա ջանքերը ձախողվել են, Մարուքյանն «ինքնաառաջադրվեց» նախագահի պաշտոնում, ՔՊ-ում նրան ծաղրեցին։ Ի վերջո, Մարուքյանն ու Փաշինյանը գտան լուծումը։

«Հայրական ապտակի» հետևանքները

Հիմա նույնիսկ անիմաստ է քննարկել՝ երբվանից է Մարուքյանը դարձել Փաշինյանի հավատարիմը։ Նա «հաստիքային» ընդդիմությո՞ւն է եղել, թե՞ հայտնի սուրճի բերումով է դարձել Փաշինյանի «հավատացյալը», իսկ գուցե նրան «դարձի» է բերել Սասուն Միքայելյանի հայտնի ապտակը։
Կարևորը դա չէ, այլ այն պնդումը, որ արել ենք Նիկոլ Փաշինյանի հետ ամիսը մեկ անգամ հանդիպող 10 կուսակցությունների մասին։ Նրանք բոլորը պոտենցիալ «Էդմոն Մարուքյան» կամ «հաճախորդներ» են, որոնք սպասում են իրենց «աստեղային ժամին»։

Վահրամ Բագրատյան