Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի, իսկ ՔՊ-ն «սպիտակ դրոշ» է պարզել

Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի, իսկ ՔՊ-ն «սպիտակ դրոշ» է պարզել

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է «պատրաստ լինել հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ և վճռական կասեցման»:

Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր պատերազմի համար, իսկ ՔՊ-ականները «սպիտակ դրոշ» են պարզել և պատրաստվում են աղ ու հացով հայ-ադրբեջանական սահմանին դիմավորել Իլհամ Ալիևին: Եթե Ադրբեջանը իրոք պատրաստվեր ՀՀ-ի հետ խաղաղության, ապա չէր ավելացնի իր ռազմական բյուջեն, չէր գնի արդի զինատեսակներ Թուրքիայից և Իսրայելից, չէր կառուցի նոր ռազմական լոգիստիկա Արցախի օկուպացված տարածքներում:

Ադրբեջանը սպասում է, որ ՌԴ-ն ուկրաինական ճակատում տապալվի, անհաջողության մատնվի, որպեսզի վերջնականապես լուծի ոչ միայն Արցախի, այլև հայկական հարցը՝ գրավելով ողջ Հայաստանը Թուրքիայի ռազմա-քաղաքական աջակցությունն ունենալով:

ՔՊ-ականները հայոց բանակը վերազինելու, նոր զենքեր գնելու և սահմաններն ամրապնդելու փոխարեն պաշտպանության նախարարի մակարդակով զբաղված են տուրիզմով: Այդպես, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն:

Պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը, ում քաղաքական թիմի քայլերի արդյունքում հայկական ռազմական պանթեոնի՝ Եռաբլուրի տարածքն եռապատկվել է, Եռաբլուր այցելելու փոխարեն շրջում է ԱՄՆ-ով: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ականների քայլերից՝ հայոց բանակը հզորացնելու ենթատեքստում:

Վահրամ Բագրատյան